Բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է. Սերյան Օհանյան

5

«Վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը»,- կառավարության հուլիսի 17-ի նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով անդրադառնալով Քարվաճառում նախորդ շաբաթ տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նաև նշել է, որ ամեն ինչ արվում է դիվերսանտների ներթափանցումը կանխելու համար. «Այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու, և՛ ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է»: