Բալայանական ագնետուրան ու Պուտինի «Սմերչ»-ը

10

Լեռնային Ղարաբաղում շարունակվում են զորավարժությունները, որին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Զորի Բալայանը: Այն, որ նախագահն է գնացել մասնակցելու զորավարժություններին ոչ ոք չի կարող ասել ինչու, իսկ այ թե ինչու է Զորի Բալայանն իր ներկայությամբ պատվել, մեծ հարց է: Չնայած այնպես չէ, որ Բալայանն առաջին անգամ է Սարգսյանի կամ մնացյալ երկու նախագահների հետ համաժամանակյա այցելություններ անցկացնում, հարցն այն է, որ վերջին նամակագրական ճիչերից հետո արդեն իսկ ակնհայտ է Բալայանի նպատակներն ու գործունեությունը Հայաստանում և առհասարակ Հայաստանի ներքին ու արտաքին կյանքում: Բալայանի ներկայությունը հուշում է միայն այն, որ վերջինս, վստահաբար չպաշտպանելով ՀՀ և դրա հետ միասին ԼՂ շահերը, այսօր Արցախում է ոչ թե ուրախանալու համար, որ մեր զինված ուժերը որքան ուժեղ ու մարտունակ են, այլ ագենտին բնորոշ վարքագծով և պուտինյան հոգով, նա ժամանել է Արցախ Ռուսաստանին համապատասխան ազդակներ տալու համար: Բալայանի վերջին լացակումած նամակը, որով Ռուսաստանին կանչում էր հետ, որ տեր կանգնի Արցախին, այլևս կասկածի տեղիք չի տալիս այդ հարցում: Չէ՞ որ Պուտինի այցին ընդառաջ Բալայանը պետք է իմանար վերջին լուրերը, պետք է, վերջ ի վերջո, հասկանար, թե մեզ այդքան հայտնի «Սմերչ»-երը պետք են, թե՝ ոչ:

Բալայանական խաղի կանոններով առաջնորդվեցին ՀՀ 3 նախագահները՝ միշտ վերազինված լինելով նրա ագենտուրայով: Իսկ ինչո՞ւ է Սարգսյանը թույլ տալիս, որ իր քթի տակ ագենտնտեր շրջեն: Պատասխանը միանշանակ է. Սարգսյանն ինքն այդ ագենտների աչքի տակ է և չի էլ կարող նրանց իմացությունից դուրս քայլ անգամ կատարել: Եվ այս պարագայում Սարգսյանը նույնիսկ պուտինյան վարչակազմի զոհն է, քանզի, լինելով կամակատար, անգամ չգիտի, թե հաջորդ քայլն ինչ է լինելու, էլ ուր մնաց կարողանա կանխել Բալայանի հավերժական ներկայությունը: Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հարցը, մինչև ո՞ւր կհասնի սարգսյանական համեստությունը և տարօրինակ հանդուրժողականությունը: Հարցեր, որնք օրակարգային են այսօր:

Ինչ վերաբերվում է «Սմերչ»-ին, որի մասին շատ են անհանգստանում մերոնք, որ Ադրբեջանն ունի, մենք չունենք, կարծում եմ Ռուսաստանի կողմից այդ ռազմական տեխնիկայի տալը մեզ չի օգնի, որովհետև Գյումրու ռուսական ռազմաբազայի «Սմերչ»-ն ու Հայաստանին նվիրած «Սմերչ»-ը կիրառվելիս նույն ծառն են ջրելու, իսկ այդ ծառը հայ ազգի հետ կապ չունի: Այնպես որ Պուտինի այդքան «սպասված» այցն ու «Սմերչ»-ից այն կողմ չանցնող խոսակցություններն անիմաստ են, քանզի ոչ մի լավ բան չի կարելի սպասել այս իրադարձություններից, դրանում բազմիցս համոզվել ենք: