Արցախի ԱԺ պատգամավորները կոչ են անում անհապաղ փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը

8

ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները և պատգամավորական խումբը  հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով անհապաղ փոխել Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը:

«Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով և ձեռնպահ ենք մնում նաև քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ` Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաև Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն` Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն և համոզված ենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Հայրապետյանի անմեղությունը»,- ասված է հայտարության մեջ: