Արմեն Աշոտյանին առնչվող քրգործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել Քննչական կոմիտե

14

Կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Քննչական կոմիտեին:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հարցին, թե ի՞նչ պատճառով է գործը հետ ուղարկվել ՔԿ, Օհանջանյանը պատասխանեց, որ այլ մեկնաբանություն չեն տալիս:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ քրեական գործը ստացել են, այլ մեկնաբանություն այս պահին տալ չեն կարող:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին ՔԿ-ն հայտնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը, անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Նկատի ունելալով, որ խոսքը պաշտոնեական դիրքի հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին էր՝ ՔԿ-ն հարուցված քրեական գործը ուղարկել էր ՀՔԾ: