Արդեն այսօր Հայաստանի ղեկավարության համար առաջնային պետք է դառնա երկրի պաշտպանության հարցը. Այվազյան

7

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առաջիկա ամիսներին Ռուսաստանը մտնելու է քաղաքական մրրկայնության դաշտ։ Սոցիալ-տնտեսական դրության կտրուկ վատթարացումը և կառավարման սուր ճգնաժամն անխուսափելիորեն բերելու են ուժեղ ցնցումների և զանգվածային հուզումների։ Ականատեսն ենք լինելու բողոքի աննախադեպ ցույցերի, ոստիկանության հետ բախումների, բռնությունների և բռնաճնշումների, ձերբակալությունների, հանցածին ծանր իրավիճակի առաջացման, ի վերջո՝ հեղաշրջման կամ հեղափոխության լուրջ հավանականության։

Թե Ռուսաստանում որքան կձգվեն խառնակ ժամանակները, դժվար է ասել։ Բայց Հայաստանի համար այդ միջոցը շատ վտանգավոր է լինելու՝ թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքի մշտական առկայության ու հավանական ակտիվացման պայմաններում։ Վատագույն սցենարն այն կլինի, եթե կրկնվի 1917-1920 թթ. իրավիճակը, երբ մի ինչ-որ ժամանակահատված Հայաստանը ստիպված պետք է լինի դիմադրել իր ցեղասպան թշնամիներին մեն-մենակ՝ առանց դաշնակիցների։

Հայաստանի ղեկավարությունն այսօրվանից պետք է օրուգիշեր մտածի այս կենսական վտանգների մասին, հնարավոր ելքեր ու լրացուցիչ ռեսուրսներ փնտրի ներքին և արտաքին ասպարեզներում, շուտափույթ կերպով մեր ազգաբնակչության լայն հատվածներին անմիջականորեն ներգրավի երկրի պաշտպանության գործի մեջ, համախմբի աշխարհով մեկ սփռված հայության դիմադրական ներուժը, վերաբացի ամբողջ տնտեսությունը, բնականոն հունի մեջ դնի գիտահետազոտական բնագավառն ու կրթությունը։ Բացի այդ, պետք է աշխատանք տանել մի շարք հատուկ ուղղություններով, որոնց մասին բարձրաձայնել չարժե։

Կարճ ասած՝ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ երկրի ղեկավարության համար հրատապ և առաջնային պետք է դառնա երկրի պաշտպանության հարցը, այլ ոչ թե Լանզարոտտի ու Ստամբուլի կոնվենցիաները, մանկահասակների սեռական կրթությունը, դնչկալների պարտադրանքը, խորհրդարանական տուրուդմփոցներն ու այլազան անկարևոր, երրորդական օրակարգերը։
ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ»։