Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

7

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները րոպեներ առաջ ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

«Արմենպրես»-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը տեղեկացրել է, այն պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22¬-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ալեքսանյանի գնահատմամբ՝ համատեղ հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո¬Հունգարիայի դաշնակցության առումով: