Առաջնագծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ՊԲ

6

Անցնող շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը` տալով հետագա գործողությունների համար անհրաժեշտ մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Առաջնագծում ստեղծված լարված իրադրությանն ապրիլի 23-ին անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և ծանր հրետանին հետ պահել առաջնագծից:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ գործողությունները կանխելու համար դիմում են անհրաժեշտ քայլերի և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: