Մայիսի 11-ին edraft-ում նախագիծ է հրապարակվել, որով նախատեսվում է 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Այսինքն, մարզիկներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից մինչև 2024թ.: Նախագծում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման
սահմանված կարգի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված 1-ի.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված 2-ի:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը` Անդրանիկ Համլետի Կարապետյանին (ծնված` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին հաշվառման հասցեն Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Ա. Առաքելյան փ., տուն 49,)»:
Որպես հիմնավորում նշված է.
«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։
Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»:
Նշենք, որ նախկինում մարզիկները միշտ մասնակցել են իրենց մրցումներին և դա չի խանգարել հաղթել մրցաշարերում և զբաղեցնել առաջին դիրքերը:











