Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին

14
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։

Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։

«Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։