Անազնիվ պատերազմի ազնիվ հերոսները

25

Պատմության անիվը նորից շրջվեց նույն կետի վրա: Կիսատ գործերի ավարտելու օրը միշտ էլ գալիս է: Գալիս է նաև պատմական սխալների համար փոխհատուցման պահը: 1994թ-ին թողած կիսատ պատերազմի դառը համն այսօր զգում ենք:

Պատերազմը դաժան է և հոշոտում է ամեն ինչ, սպանում բոլոր ձգտումները: Պատերազմն ազնիվ է, երբ առջևում հերոս հայ զինվորն է, ում աչքերը փայլում են նույնիսկ ծանր ու երկար պատերազմական գիշերից հետո: Պատերազմն ազնիվ է, երբ պայքարում ես հայրենիքի համար, երբ միակ շահը հայրենի հողի պահպանումն ու ազատագրումն է: Պատերազմը դաժան է, երբ ծառայում է օտար շահերին, երբ միջնորդավորված է:

Մի՞թե եղել են ազնիվ պատերազներ, որտեղ չի եղել շահերի բախում, որտեղ չեն եղել օտարների խաղեր:

Բոլորս էլ գիտենք, որ Արցախյան պատերազմը ոչ մի օր էլ չի դադարել, և վերջին օրերի սրընթաց զարգացումները անցյալում թողած կիսատ գործերի հետևանքն են: 1994-ին կնքված հրադադարը չէր կարող հարատևել, բայց կարծես բոլորս թմբիրի մեջ լինեինք՝ չպատկերացնելով, որ այն նորից մեր թիկունքում է: Այդ հրադադարի պտուղներն այսօր ենք վայելում, այդ հրադադարի հետևանքով զարգացած քաղաքական կառույցների մշակած պլաններն այսօր են իրագործվում:

Բայց անհերքելի է, որ այսօրվա սկսված պատերազմի արմատները շատ խորն են, հովանավորները տարաբնույթ, բայց շահերը նույնն են, տարածաշրջանային նկրտումները ևս:

Փաստ է, որ թշնամին այս պատերազմին վաղուց էր պատրաստվել, և նրան շատ օգնողներ են եղել և կան: Փաստ է, որ թշնամուն աջակցում է Թուրքիան: Փաստ է, որ թշնամուն զինում է մեր ռազմավարական դաշնակիցը: Փաստ է, որ թշնամու անօդաչուները ղեկավարում են իսրայելցիները: Փաստ է, որ թշնամին կրկին օգտագործում է վարձկաններին, այսօր նաև ահաբեկչական խմբավորումներին:

Բայց փաստ է նաև, որ Հայաստանի նախագահը նախապայմաններ թելադրելու փոխարեն հարցեր լուծողներ է փնտրում՝ չնայած որ ինքն է շեշտում՝ մենք հզոր հովանավորներ չունենք: Այսօր է, որ բազում հարցերի պատասխաններ այդպես էլ չեն հնչում: Այսօր է, որ կրկին ապրում ենք պատմական նույն սցենարը, որը վերջին 100-ամյակի ընթացքում երրորդ անգամ է կրկնվում: Այսօր է, որ միասնական ենք, բայց չենք կարողանում հաղթանակն ավարտին հասցնել: Այսօր է, որ քննարկում են խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, մի՞գուցե ավելի սարսափելի հարցեր, որոնց բարձրաձայնելն անգամ նողկալի է:

Ցավոք, մեր պատմության անիվը հաճախ է նույն քարին դիպում, և միշտ մենք հայտնվում ենք փակուղու առաջ, ոչ թե մեր կամքի, միասնականության ու պայքարի թերացման, այլ վատ կառավարիչների, դավաճան ղեկավարների կեցվածքի պատճառով:

Միայն այն հանգամանքը, որ աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ տեղակայված են խաղաղապահ ուժեր՝ Աֆղանստան, Իրաք, Սիրիա, և այլն, ոչ մի օր պատերազմը չի դադարել, բավարար է այս հարցի քննարկման հավերժական փակման համար: Միայն այն, որ երրորդ ուժի ներգրավումը Արցախում սարսափելի անջրպեդ կառաջացնի, մեկուսացումը, բռնություններն ու օտարի ներկայությունը ամբողջությամբ կքայքայեն հայոց փոքրիկ հողակտորը, անվիճելի է: Երրորդ ուժի ներգրավումը կնշանակի երրորդ երկրների ուղղակի մասնակցությունը այս պատերազմին: Այսօր մենք անուղղակի ենք գտնվում այդ երրորդ ուժերի թիրախի տակ, այն ժամանակ ամեն ինչ կփոխվի: Երրորդ ուժի ներգրավումը կնշանակի արցախյան հարցի հավերժական փակում:

Տարածքների հանձնման մասին նույնիսկ սարսափելի է մտածելը: Եվ այն մտքերը, որ ինչ որ հողեր կան, որոնք միջանկյալ դիրքեր են զբաղեցնում և այնքան էլ կարևոր չեն, տգիտություն է, խաբկանք, հայի արյունով ազատագրված ամեն մի թիզ հողը կարևոր է և չափազանց ստրատեգիական: Եվ հողերի հանձնելու մասին մտածողները առնվազն դավաճաններ են:

Ցավոք, թունելի վերջում լույսը շատ խամրած է: Սա ամենևին վատատեսություն կամ եղածում բացասականը փնտրելու հակում չէ, սա միայն այս 8 օրերի իրադարձությունների արդյունքի արձանագրումն է: Բոլոր այն հանդիպումները, որ Սերժ Սարգսյանը ունեցել է ՝ Մեդվեդև, Մերկել, ԵԱՀԿ համանախագահներ, հետաքրքիր է նաև այս կոնտեքստում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը, ում բոլորս լավ հիշում ենք, թե ինչ կարծիք ուներ տարածքների հանձնման և խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, մեզ ոչ մի լավ բան չեն խոստանում:

Խաբկանքներով ապրելը անմտություն է…

Այսօր ամեն ինչ փոխվել է: Արցախյան պատերազմը այլ կոնտեքստ է ստացել: Աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Արցախը հերթական կարմիր լույսն է դարձել գերտերությունների հարցերը լուծելու համար: Մի՞թե մենք կուլ կգնանք դրան…հայը վստահաբար ոչ, բայց…ո՞ւր կտանի մեզ այսօրվա ամուլ քաղաքականությունը:

Այս անազնիվ պատերազմում միայն հայ զինվորի աչքերն են փայլում, ով հավատում է իր հողի ուժին, իր հաղթանակին, և աստված մի արասցե, որ այդ փայլող աչքերը խամրեն անազնիվ բանակցությունների ֆոնին:

Մեր հերոս զինվորի թիկունքում որևէ ապազգային քայլ չի հանդուրժվելու…

Պատմության անիվը տեղաշարժելու ժամանակն է: