ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․
«Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։
Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ նոր առաջարկներով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։
Առաջարկությունների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին»։ Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։ Հիշեցնեմ, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) Հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս: Այսպիսով, Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցումը միջազգային իրավունքի խախտում է: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի մասով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի՝ հունիսի 10-ին ներկայացված համատեղ հայտարարության մեջ նշված էր․ «Շուտով մեկնարկելու է անցյալ տարի հայտարարված՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող երրորդ մայրուղու շինարարությունը: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը (ՀՀ) կկապի Հադրութի հետ (ԼՂ)՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս «օկուպացված» են:
Որպես կանոն՝ մենք աջակցում ենք նախագծերը, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն, այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու իշխանությունների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի «օկուպացումը»:
Ուստի, մենք խորը ափսոսանք ենք հայտնում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին մեր անփոփոխ աջակցության մասին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:











