Այսօր տեղի ունեցածը համարում եմ անձամբ իմ ամենամեծ պարտությունը. Փաշինյան

15
Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
 
«Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով, ուզում եմ ընդգծել՝ բռնությունն իր բոլոր դրսևորումներով, քանի որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական: Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների:

Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններ են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ»,- ասաց նա:
 
«Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել այն և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը», – ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել առ այն, որ ԼՀԿ-ն բռնություններ գործադրելու պլանի անբաժան մաս է կազմում։

«Այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգած (Փաշինյանը ցույց տվեց ամբիոնի հարակից տարածքը) և երբ ամբիոնից իջնում ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայլեյանն, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ, եթե նույնիսկ Սասուն Միքայլեյանը տեղից վեր էր կացել, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք չեմ կարող անվանել, մանավանդ՝ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների», – ասաց Փաշինյանն՝ ավելացնելով․

«Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկի թող հուսավառ չանի»,- շեշտեց վարչապետը։