Այսուհետ ավտոմեքենայում 1-ից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն. վարչապետ

6
Դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա նվազեցնել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ կայացրել են հետևյալ որոշումները.

«Որոշում համար առաջին. պարետատունն այդ որոշումը կձևակերպի. առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ՝ անկախ գտնվելու վայրից:

Հաջորդը՝ ավտոմեքենաները դիտարկում ենք որպես փակ տարածք, և ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության պարագայում բոլորը, անկախ բացառության, նույն ընտանիքի անդամ են, անդամ չեն, ավտոմեքենայում, որևէ տրանսպորտային միջոցում, եթե մեկից ավելի մարդ կա, ուրեմն բոլորը, առանց բացառության, պետք է լինեն դիմակով, և դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության:

Պետք է պահպանել դիմակի կրման և ձեռքերը ախտահանելու կանոնները: Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսից: առաջիկայում մասնագետները խորհուրդներ կտան քաղաքացիներին, թե ինչպես տանը պատրաստեն դիմակ:

Այսուհետ հաղորդակցվել միայն դիմակով, ավտոմեքենայում, աշխատավայրում աշխատել միայն դիմակով, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Համոզված ենք, որ այս կանոնները պահպանելով կկարողանանք հաղթահարել այս վիճակը: Ես հավատում եմ ձեզ, որ դուք կարող եք կրել այսպիսի անհատական պատասխանատվություն: Ես հավատում եմ, որ միասին կարող ենք այս հարցը լուծել»,- ասաց վարչապետը: