ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Հայաստանին մատակարարվող օգնությունը

10

ԱՄՆ վարչակազմը 2016թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է էլ ավելի կրճատել Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող օգնությունը՝ միաժամանակ պահպանելով այդ երկրներին հատկացվող ռազմական օգնության համահավասարությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մամուլի ծառայությունից։

ԱՄՆ նախագահն առաջարկում է  2016թ. Հայաստանին տրամադրվող տնտեսական  օգնության չափը հասցնել 18 360 000 դոլարի։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում սա կլինի անկախություն ստանալուց ի վեր Հայաստանին հատկացվող ամենափոքր օգնությունը։ Սպիտակ տան առաջարկած նախագծով Հայաստանին հատկացվող օգնությունը 2 մլն դոլարով պակաս կլինի  2014թ. փաստացի հատկացված տնտեսական օգնությունից։ Նշենք, որ այս գումարը չի կազմում անգամ կեսը այն 40 մլն դոլարի, որը անցյալ տարի հայցել էին Հայաստանի հարցով ԱՄՆ Կոնգրեսի խումբն ու ՀՅ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Սպիտակ տունը Հայաստանին հատկացվող օգնության կրճատմանը զուգահեռ պետք է ջանքեր գործադրի երկու երկրների միջև փոխադարձ առևտուրն ու ներդրումները էականորեն ընդլայնելու ուղղությամբ։  Նախագահ Օբամայի համար, որն իր պաշտոնին եկավ՝ խոստանալով ընդլայնել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, ուշ չէ առևտրի և ներդրումների ոլորտում բանակցություններ վարել, կնքել այդքան անհրաժեշտ նոր հարկային պայմանագիրը և կազմակերպել նպատակային առևտրական առաքելություններ, որոնք կնպաստեն առողջապահության, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- հայտարարել է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ ՀԱմբարյանը։

Այդուհանդերձ, Սպիտակ տան առաջարկը նախատեսում է Հայստանին և Ադրբեջանին հավասարաքանակ օգնություն տրամադրել ռազմական ոլորտում։ Միջազգային ռազմական կրթության շրջանակներում տրամադրվող օգնությունը կազմում է 600 000 դոլար, իսկ ռազմական ոլորտում օտարերկրյա ֆինանսավորումը՝ 1.7 մլն դոլար։

«Թեպետ մենք նախկինի պես խորապես անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Օբամայի վարչակազմը Իլհամ Ալիևի զինված ուժերին ռազմական օժանդակություն է ցուցաբերում սահմանին Ադրբեջանի կողմից մահաբեր ագրեսիա դրսևորելու պարագայում, մենք գնահատում ենք, որ այդ համատեքստում հատկացվող ռազմական օգնության համահավասարությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի համար»,- նշել է Համբարյանը։