ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև տեղի ունեցած պատմական հեռախոսազրույցն աժիոտաժ է առաջացրել երկու երկրներում: «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ հեռախոսազրույցին հաջորդել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստ հրավիրելը, որի ընթացքում նախատեսվում է, որ ԱԳ նախարարը պատգամավորներին կներկայացնի ՄԱԿ-ի ԱԳ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների, արձանագրած հաջողությունների, հայտնի հեռախոսազրույցին առնչվող մանրամասներ:
Սակայն Իրանում այդքան էլ ուրախությամբ չեն ողջունել Ռոհանիի այս քաղաքականությունը, և New York Times-ի հրապարակմամբ՝ Թեհրանի օդանավակայանում հավաքված մարդիկ, որոնց ծայրահեղական են կոչում, կոշիկ և ձվեր են նետել նախագահի վրա:
Հիշեցնենք, որ 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ և Իրանի նախագահները նման մակարդակով առաջին անգամ են շփվում: Իսկ նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդհանրապես դեմ էր ԱՄՆ-ի հետ ցանկացած հարաբերությանը: Եվ այս կոնտեքստում զարմանալի չէ իրանցիների նման վերաբերմունքը: Նույնիսկ որոշ լրատվամիջոցներ՝ մասնավորապես՝ Dyn.politico.com-ի վերլուծաբանները ծաղրանքով գրել են, որ «ռեֆորմիստ» Հասան Ռոհանին իրանյան Բարաք Օբաման է:














