ԱՄՆ կոնգրեսը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

9
Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով:

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը եւ սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որեւէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու եւ տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակված Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների եւ այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում: