ԱՄՆ-ին չի խոչընդոտում ռուսական ներկայությունը Հայաստանում. ԱՄՆ պետդեպ

4

ԱՄՆ-ը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում:  «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Ռուբինը շեշտել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ՝ ամերիկյան կողմերին երկկողմ համագործակցության խորացման հարցում:

Ռուբինի խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասը շատ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին և ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները և՛ ռազմական, և անվտանգության ոլորտներում:

Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Էրիկ Ռուբինն ասել է. «Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, և մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», – ասել է Ռուբինը՝ հավելելով, որ ռուսաստանյան ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է: