Ամերիկացի վերլուծաբան. Վաշինգտոնը Իրանի միջուկային օբյեկտներին կհարվածի առաջիկա շաբաթների ընթացքում

10

Ամերիկացի վերլուծաբան Դեվիդ Ռուտկոֆը կանխատեսում է, որ ԱՄՆ-ին ու Իսրայելին մի քայլ է մնացել Իրանի վրա հարձակվելու համար: Իսկ Foreign Policy պարբերականում Ռուտկոֆը գրում է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր է և առաջիկա շաբաթների ընթացքում հարվածի, եթե ոչ օրերին: Գործողությունը կտևի 2 ժամից մինչև 2 օր և կիրականացվի օդից: Իսկ մինչև այդ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է հարկավոր կիրառել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության խորհրդի հատուկ ներկայացուցիչ Տոմմի Վիտորը: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում բոլոր նրանց դեմ, ովքեր համագործակցում են Իրանի հետ էներգետիկ, նավթային, գազային և այլ հարթակներում: Պատժամիջոցներ են նախատեսվում նաև բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր օգնում են Իրանին ձեռք բերել խլացուցիչներ, հետապնդման միջոցներ, ցույցերը ցրելու հատուկ միջոցներ և այլն: Պատժամիջոցները սպառնում են նաև Իրանում և Սիրիայում մարդու իրավունքները խախտողներին: Վիտորը նշել է, որ եթե Իրանը շարունակի իրեն նույն կերպ դրսևորել, ապա ԱՄՆ-ն ավելի կխստացնի պատժամիջոցների փաթեթը այդ երկրի դեմ: