Ամբոխն ընդարմացած է…

35

Եռյակի հանրահավաքը այս անգամ էլ ավարտվեց: Առաջնորդները եկան, կրկին խոսեցին, ոչինչ չասացին, բայց մարդիկ էլի հավատացին:

Հետաքրքիր մթնոլորտ է ձևավորվել Հայաստանում: Մարդիկ տարօրինակաբար չեն կոտրվում, և կուրերոն հավատում են ստերին կամ գուցե, ուզում են խաբվել: Տարիներ շարունակ «Ազատության» հրապարակում  հազարավոր  մարդիկ են հավաքվում, տարիներ շարունակ ստեր լսում, հավատում այդ ստերին, դրանցով ոգևորվում և սպասում հաջորդ ստի «դոզային»: Ձևավորվել է մի հասարակություն, որը ուզում է ապրել միայն ստով և մերժում է ճշմարտության ցանկացած մեկնաբանություն: Կարող ենք ասել, որ ստի հեղինակները հասել են իրենց նպատակին: Այս հասարակությունը, ցավոք, արդեն իրենց ազդեցության տակ է:

Այսօր «Ազատության» հրապարակում տարօրինակ էներգետիկա կար՝ ամբոխային էներգիա: Ամբոխը «ոռնում» էր Գագիկ Ծառուկյանին դիմավորելիս, ամբոխը ուրախանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի տգետ հումորներից, ամբոխը գոռում էր՝ այո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց գլխափոխության համար ժամկետ էր նշանակում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Պատկերացնո՞ւմ եք ժողովուրդն ինչ կարգի ազդեցության տակ է, որ նույնիսկ այդ տգետ համեմատությանն է հավանություն տալիս: Ամբոխը ուրախանում է և ծափողջյուններով է ողջունում Ծառուկյանին, ով ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում, իսկ երբ սկսում է ընթերցել, իհարկե ոչ իր գրածը, ապա այդ գրվածքում շատ բառեր այնքան անծանոթ են իր համար, որ դրանք մի կերպ է կարողանում արտաբերել:

Ցավոք, ամբոխը այս եռյակի խեղկատակություններից կրկին անգամ չկոտրվեց:

Զավեշտալին հանրահավաքի վերջում է: Երբ այնտեղ կանգնածներին վերջում հարցնում ես. «Ի՞նչ հասկացար այս հանրահավաքից»: Ասում է. «Գնում ենք իշխանափոխության»: «Հարցնում ես ինչպե՞ս եք գնում, ձեզ ասացի՞ն ձևը կամ ձեզ թույլ տվեցի՞ն, որ մասնակից լինեք այդ իշխանափոխության ծրագրի կազմմանը»: Ասում է. «Դե, մարդիկ ուզում են իշխանափոխություն անեն, թող անեն»: Հարցնում ես. «Իսկ դուք, իրոք, ուզում եք, որ Գագիկ Ծառուկյանը դառնա ձեր նախագա՞հը»: Պատասխանում են՝ այո. «Նա արտակարգ մարդ է»: Հարցնում ես. «Այդ ի՞նչ է արել, որ արտակարգ մարդ է»: Պատասխանում է, որ բարեգործ է: Իսկ երբ հարցնում ես՝ ինչ բարեգործություն է արել, ում հաշվին է արել, այլևս լռում է, բայց չի էլ ուզում, որ դու խոսես:

Ահա թե ուր է հասել հայ ժողովուրդը, վերածվել է շարքային ամբոխի, ում ուղղորդում են այնպես, ինպես ուզում են, և իր ուղեղը լցնում են այն, ինչ ուզում են, միևնույն է, ամբոխը հավատում է:

Տարիներ շարունակ մենք ամբոխի զոհն ենք դառնում: Ամբոխն ուզում է, բայց նույնիսկ չգիտի, թե ինչ, և ամենակարևորն այն է՝ ումից: Այսօր Հայաստանում ստի մի մեծ օդ է շրջում և այդ օդը կուլ է տալիս բոլորին:

Հայաստանյան իշխանամետ և ընդդիմադիր ուժերի քաղաքականությունը մի մեծ սուտ է: Ընդդիմադիրները կեղծ խաղ են խաղում իբր դեմ են իշխանություններին, այս հանրահավաքները լավագույն օրինակն են: Երբ ընդդիմությունը դեմ չէ իշխանության ամենակարևոր քայլերին, ապա նա չի կարող ընդդիմություն կոչվել, նա պարզապես իշխանություն է  ուզում: Իշխանությունն էլ, իր սուտը առաջ տանելով, Հայաստանն օր օրի փակուղու առաջ է կանգնեցնում: Բայց ամբոխը անգիտակցաբար նրանց կողքին է…

Մյուս խնդիրը սեփական «ես»-ի կարևորումն է, որի ժամանակ էլ ժողովուրդը վեր է ածվում ամբոխի: Հարկավոր չէ մտածել, որ եթե Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը նստեն նախագահի աթոռին, ապա ձեր գործերը լավ կլինեն: Այդպես մտածելով՝ դուք դառնում եք ղեկավարվող ամբոխ և վստահաբար ձեր գործերը այս շարքային ստախոսների գործերի լավացումից առաջընթաց չեն ունենալու: Պարզապես ձեր ուղեղի բաղադրությունն է փոխվում: Նույնիսկ խոսքեր էլ չկան բացատրելու, որ «ես»-ից վերածնված ամբոխը հարցեր չի լուծում, այլ ազգին տանում է թունելի վերջ:

Բայց այսօր մեր խնդիրը միայն սուտը կամ սեփական «ես»-ի գերագնահատումը չէ, մեր խնդիրը այլ է: Մեր հասարակությունը չի ուզում տեսնել, թե իր շուրջն ինչ է կատարվում: Դարեր շարունակ ստով ապրած հասարակությունն այլևս անկարող է դարձել ճշմարտության մասին լսել: Մինչև մենք չսկսենք ընդունել ճշմարտությունը, չենք կարող հասնել հաջողության: Իսկ ամբոխը չի սիրում ճշմարտություն, ամբոխը սիրում է երևակայել, ճախրել և իր ստեղծած էներգետիկ դաշտում ընդարմանալ: Ամբոխը կարող է բերել գլխափոխություն, քանզի միայն «այո» է ասում, ամբոխը չի կարող հասնել համակարգային փոփոխության, նրան դրա համար չեն այդքան ստել: Իսկ ամբոխավարներ միշտ էլ եղել են, քանզի ամբոխը միշտ հավաքվում է:

Երբ մենք հասկանանք, որ ազգ ենք և ոչ ընդարմացող ամբոխ, այդ ժամանակ կգիտակցենք, որ գլխափոխությամբ երկիր չես կառուցի, հայրենիք չես պահի, հակառակը ազգին ամբոխի են վերածում իրենց նենգ գաղափարներն առաջ տանելու համար: Ինչո՞ւ օգնենք նրանց: Ժամանակ չկա, հարկավոր է դուրս գալ այս ամբոխային վիճակից…