Ահազանգ. Գառնիի տաճարն ու հարակից տարածքը վտանգի տակ են

56

 Արևի տաճարը վտանգված է:

Գառնիի տաճարը, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի և մեր հին հավատքի միակ կենդանի վկան է, վանդալիստների զոհն է դառնում: Մշակույթի նախարարության թեթև ձեռքով և տգետ խելքով որոշվել է Գառնիի համալիրի տարածքին կից սրճարան կառուցել: Սրճարանը տեղակայվելու է հնավայրի տարածքում, ինչի իրավունքը չկա, բայց պարզվում է շինարարական աշխատանքներն արդեն սկսված են:

Հայաստանում վերջին շրջանում սկսել ենք ոչնչից չզարմանալ, քանզի երկրում ամեն ինչ ոտքից գլուխ շրջվել է: Գառնին հերթական զոհն է: Մշակույթի նախարարությունը դեռևս ամիսներ առաջ էր հավանություն տվել տաճարի տարածքում զբոսաշրջիկների ծարավը հագեցնելու տարածք ստեղծել՝ շեշտելով, որ իբր այդ հատվածը հնավայր չի համարվում: Ինչո՞ւ են լռում մեր հնագետները և չեն հասկացնում տիկին նախարարին, որ համալիրի ամբողջ տարածքն է հնավայր և տվյալ տարածքը ընդհանրապես ուսումնասիրված չէ: Ինչո՞ւ: Էլ ինչո՞ւ եք պետությունից գումարներ ստանում, երբ ձեր իսկ աչքի առաջ վերացվում է ձեր աշխատանքի օբյեկտը:

Ամեն օր հասկանում ենք, որ Հայաստանում հնավայր հայտնաբերելը ուրախություն ու պատմական հերթական շերտի բացահայտում չէ, այլ հակառակը՝ պատմության աղավաղման ու կործանման սկիզբ է: Երբ այլ երկրներում տարբեր հնավայրերից ու պատմական արժեք ունեցող տարածքներից հնագիտական նյութեր են գողանում, գնում կամ թռցնում իրենց պատմությունը ճոխացնելու և ավելի հին ցույց տալու համար, մերոնք մեր արժեքները ոտնահարում ու ոչնչացնում են: Հունաստանի Դելֆիի տաճարի բակում ամեն օր մի քանի պարկ մարմարի կտորներ են շաղ տալիս՝ վստահ լինելով, որ տաճար ժամանած զբոսաշրջիկը գոնե մի քարի կտոր կցանկանա հետը տանել և որպեսզի տաճարի քարերից չտանեն, այդ պարկերի քարերն են շաղ տալիս, որ դրանք տանեն: Իսկ մենք մեր հնավայրը ոտնատակ ենք տալիս, ինչո՞ւ: Տեսնո՞ւմ եք ինչ տարբերություն կա մեր ու նրանց միջև, իսկ մտաբերո՞ւմ եք, թե հույներն ուր էին, երբ մենք արդեն պատմության թատերաբեմում էինք: Ո՞ւր կորավ մեր հազարամյակների կուլտուրան:

Տիկի՛ն նախարար, ինչո՞ւ եք այդքան մշակութասպան ու վանդալ, ինչո՞ւ չեք զբաղվում այլ գործով, ասենք մսագործությամբ, քանզի մշակույթից չափազանց հեռու եք: Հայ ազգի մշակույթն ու պատմությունը ձեզ չի վերաբերվում, հեռո՛ւ տարեք ձեր ձեռքը դրանից: Գառնիի տաճարն այնքան մեծ էներգետիկա ունի, հզոր հոգևոր արժեք է իրենից ներկայացնում, որ իրավունք չունեք այն դարձնել ձեր հերթական բիզնես պլանը: Չափից շատ եք անհանգստանում օտար զբոսաշրջիկների համար, տաճարի մուտքի մոտ արդեն իսկ գործում է խանութ, բակում աղբյուր կա, տաճարից մի քանի մետր այնկողմ ռեստորաններ կան, այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղում, քանզի զբոսաշրջիկը իր հարցերն անպայման կկարողանա լուծել:

Սարսափելի է, երբ երկիրը վանդալների ու պատմության ոչնչացնողների ձեռքում է, երբ երկրիդ գանձերը, մշակույթային արժեքները օտարամոլների ու փողամոլների ձեռքում է: Գառնին մեր հնագույն ճարտապետության միակ նմուշն է, քանզի մյուսներն էլ ոչնչացվել են այս անգամ քրիստոնեություն տարածողների թեթև ձեռքով:

Ո՞ւր եք հնագետներ, ձեր խոսելու ժամանակն է, էլ ո՞ւմ եք պետք: