Ակնհայտ է, որ լինելու են դեպքեր, բայց չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել. Փաշինյան

6

Այսօրվա կառավարության նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները, ըստ որի՝ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, մահացել է 2 քաղաքացի: Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր 17 դեպք կա, ծանր՝ 59։

«Իրադարաձությունների զարգացման դեպքում կանցնենք թեթև սիմպտոմներ ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը և փորձելու ենք այդ օրը ձգել, քանի որ հետագա տարածմանն է բերել»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և ահագին մարդ է նկատել, անգամ խմբերով կանգնածներ:

«Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա:

«Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ-երկու ամսում վարակը կհաղթահարվի, բայց սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար, որ ակնհայտ է, որ առնվազն մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը լինելու են դեպքեր, և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել»,-ասաց նա: