Ակադեմիայի իրական դեմքը

15

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը չափազանց ժավեշտալի է եղել: ՀՀ Գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի ելույթներից հետո հանկարծ լսվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դժգոհությունը՝ ուղղված վարչապետին: Ակադեմիայի նախագահը բողոքեց, որ արդեն մեկ տարի է՝ կառավարության շենքի մոտ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը անընդհատ իրեն և Գիտության պետական կոմիտեին նախագահին վիրավորում ու հայհոյանքներ է հասցնում: Մարտիրոսյանը նշեց, որ դիմել են տարբեր կառույցների, որ միջոցներ ձեռնարկեն, բայց իր համար անհասկանալի է, թե այդ օրենքները եթե կան, ապա ինչու չեն իրենց պաշտպանում:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչո՞ւ չեն պաշտպանում Ռադիկ Մարտիրոսյանին: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ ասաց, որ եթե մարդը միջոցներ չի ձեռնարկում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, իրենք ի՞նչ անեն՝ հավելելով, որ ԳԱԱ նախագահը դատարան դիմելու իրավունք ունի:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Լավ, իսկ եթե մարդուն հայհոյում են, դա խուլիգանությո՞ւն չէ»:

«Խուլիգանությունը հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքն է, իսկ եթե անձին են վիրավորում, նա կարող է դիմել դատարան»,- պատասխանեց Կոստանյանը: 

«Հիմա պարոն Մարտիրոսյանին որ հայհոյում են, ինքը եթե դիմի, ի՞նչ պիտի անեք»,- հարցրեց վարչապետը: 

«Եթե դիմի՝ այդ ժամանակ կտեսնենք»,- պատասխանեց Կոստանյանը:

Խոսակցությանը միջամտեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան՝ ասելով, որ Ռ. Մարտիրոսյանը գրավոր դիմել է իրենց, և ոստիկանությունը օրինախախտի նկատմամբ մի քանի անգամ վարչական տույժ է կիրառել և որ խոսքը գնում է 85 տարեկան մարդու մասին: «Օրենքը տալիս է այն հնարավորությունը, ինչ տվել է՝ վարչական տուգանք: Եթե բավարար չէ, կարող եք դիմել դատարան»,-ասաց ոստիկանապետը: 

Վարչապետը հարցրեց, թե վարչական տույժով ավարտվո՞ւմ է ամեն ինչ: Վ.Գասպարյանն ասաց` այո, ամեն անգամ պետք է տանեն վարչական տույժի ենթարկեն, եթե դա է հանցակազմը:

Սակայն այս պատասխանը չգոհացրեց վարչապետին. «Բայց հարցի լուծումը չհասկացա: Ամեն անգամ մարդուն հայհոյանք տա, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վե՞րջ: Պարոն Մարտիոսյանը ակադեմիկոս մարդ է, նրան հայհոյում են, էս մարդը հիմա ի՞նչ անի»:

Կոստանյանի խոսքով՝ անձը իրավունք ունի դիմել դատարան, այդ իրավունքից կօգտվի, թե ոչ, ըստ դատախազի, դա իր խնդիրն է:

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն էլ նկատեց, որ եթե հայհոյանքները պարբերաբար և հրապարակային բնույթ են կրում, դա կոչվում է հասարակական կարգի կոպիտ խախտում և նման դեպքերում պետք է նյութեր նախապատրաստել, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

«Ոչ մի նշանակություն չունի, թե նա քանի տարեկան է»,- ասաց նա:

«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, հիմա ես ո՞ր մեկին հավատամ»,- դժգոհեց վարչապետը:

Հ. Գ. Ահա մեր ակադեմիայի իրական դեմքը: