ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց կոնվենցիան

21

Ազգային ժողովն ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ ՝ 12:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով նշեց, որ իրենք որևէ մեկին մեղադրանք չեն ներկայացնում, բայց կոնվենցիան ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարաակության շահերը: «Այսօր քաղաքացիական ակցիա էր այս կոնվեցիայի դեմ, և երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր, նրանք բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային»,-ասաց նա և նշեց, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ երեխաների լավագույն շահերից:

«Իմ քայլը» խմբակցությամբ ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց՝ պնդելով հակառակը:

Նշենք, որ Ազգային ժողովի մոտ այս կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է իրականացվում:

Կոնվենցիան այս պահի դրությամբ ստորագրվել է ԵԽ 47 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել արդեն 45 պետության համար: ՀՀ-ն այս ստորագրել է 2010 թվականին:

Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է՝ ընդունված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը: Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որոնց թվում են՝ ձեռնարկել օրենսդրական կամ այլ տեսակի՝ ներառյալ կազմակերպական, քաղաքականության փոփոխման միջոցառումներ՝ ապահովելու համար կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի, հանգստի ոլորտներում պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանությունն ու նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկումը:

Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմանվաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Սա այն մինիմում կոնսենսուսն է, որ դրան միացող անդամ պետությունները համաձայնում են ընդունել: