ԱԺ աշխատակազմի ղեկավարն ինքն իրեն է տրամադրել ԱԺ ամենաճոխ և թանկ մեքենան

12

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան ինքն իրեն է տրամադրել Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։ Այս մասին գրում է Antifake.am կայքը:

Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։

Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։

Ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։