Ազգային Ժողովն արտահերթ նիստ չի հրավիրի. Ընդամենը 19 պատգամավոր ստորագրեց

4

ՊՊԾ գնդի տարածքի գրավման և դրանից բխող երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է ընդամենը 19 պատգամավոր:

Ազգային Ժողովն արտահերթ նիստ չի հրավիրի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը համաձայնել և համապատասխան ձևաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել ընդամենը 19 պատգամավորներ՝ անհրաժեշտ 44-ի փոխարեն: Փաշինյանն առաջարկում էր ընդմիջել խորհրդարանի ամառային արձակուրդն ու արտահերթ կարգով քննարկել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ պայմանավորված ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցն, այդուհանդերձ, պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական հարց է», հետևաբար՝ պետք է լուծվի «քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»: