Ադրբեջանը հակատանկային հրթիռներ ու ականանետեր է գնել Իսրայելից

7

Ադրբեջանն Իսրայելից գնել է ականանետեր ու հակատանկային հրթիռներ: Ադրբեջանը Spike-SR և Spike-LR հակատանկային հրթիռների գնման շուրջ համաձայնագիր է կնքել իսրայելական Rafael ընկերության հետ, ինչպես նաև Ադրբեջանի և իսրայելական Elbit Systems ընկերության միջև է համաձայնագիր կնքվել Cardom տիպի 120 միլիմետր տրամաչափի ականանետերի գնման համար: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը, Spike-SR հրթիռի քաշը կազմում է 9 կիլոգրամ, այն նախատեսված է 50-800 մետր հեռավորության վրա ընկած թիրախների խոցման համար: Իսկ Spike-LR-ի քաշը կազմում է 13 կիլոգրամ, այս հրթիռը նախատեսված է 200-4000 մետր հեռավորության վրա ընկած թիրախների խոցման համար: Ինչ վերաբերում է Cardom տիպի ականանետին, ապա այն ի վիճակի է խոցել 7200 մետր հեռավորության վրա ընկած թիրախները: Ականանետի արագաձգությունը կազմում է րոպեում 15 կրակոց: