Ադրբեջանը կմասնակցի իսրայելական Pegasus 120 անօդաչու թռչող սարքի արտադրման աշխատանքներին

54

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և Իսրայելի Aeronautics ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն է ընձեռել Ադրբեջանին մասնակցել մի քանի ռոտոր ունեցող Pegasus 120 անօդաչու թռչող սարքի արտադրման աշխատանքներին: Հուշագիրը, սակայն, մտադրության ամրագրում է և ոչ ստորագրված պայմանագիր: Այդ մասին հայտնում է ռազմական թեմաների գծով մասնագիտացած բրիտանական Jane’s-ը:

Ավելի վաղ հուլիսի 11-ին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր, որ փոխնախարար Յահյա Մուսաևը և Aeronautics ընկերության նախագահ Եդիդա Յաարին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկրում նոր տեսակի ԱԹՍ-ներ արտադրելու վերաբերյալ: Կողմերը նաև ընդգծել էին տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող AZAD Systems համատեղ ձեռնարկության բարեհաջող աշխատանքը:

AZAD Systems-ն արդեն պատրաստում է Ադրբեջանի զինված ուժերի համար Aeronautics-ի Orbiter ընտանիքի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Orbiter 1K-ն: