Օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հայ լրագրողի հարցին: Տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կատարում է Հայաստանին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները:
«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը միշտ հետևում է իր պարտավորություններին և կատարում դրանք»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: «Եվ, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթային, արագ զարգացող տնտեսությամբ, ոսկեարժութային մեծ պահուստներով երկիր, իհարկե, կարող է զենք գնել որտեղ ասես»,- ասել է Պուտինը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է գոյություն ունեցող խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:











