Ադրբեջանը խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն և ազգային ատելություն քարոզելով

20

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուրախ եմ վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել և աշխատել եմ տասնչորս տարի և պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները այդ տարիների, երկրի և ժողովրդի նկատմամբ»: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հիման վրա: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա արտգործնախարարներին, նշեց, «Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Համոզված եմ, որ կարևոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլյացիայների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, և արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ: Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձևակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում: Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ցավոք, 382-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը և չի օգտագործում միջազգայինորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը: Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը և փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլև հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, ինչի մասին բարձրաձայնվել է երեկ և այսօր հնչեցված նախարարների հայտարարությունների մեծամասնությունում: Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որևիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախատում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն և ազգային ատելություն քարոզելով: Ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տալիս Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի և անհանդուրժողականության դրեսևորումներին»: «Բանդունգի սկզբունքներին» հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, ռազմատենչ և թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված են հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը: