Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեան Երևանում

6

Հուլիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժերար Կոլոմբին (Gerard Collomb):

Էդվարդ Նալբանդյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական ամուր կապերով եւ այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

Նախարարը կարևորել է հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

Կողմերը անդրադարձ են կատարել 2010թ Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ժերար Կոլոմբը, գոհունակություն հայտնելով Երեւանի եւ Լիոնի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ, խոսել են այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին: