Օսկանյանը շարունակում է «թոզ» փչել

15

Վարդան Օսկանյանն այսօր հերթական անգամ իր հաշվարկներն է արել, այս անգամ օտարերկրյա ներդրողների անունից, այս հարցում էլ Օսկանյանի կանխատեսումները երանելի չեն: Օսկանյանն իր դեմ գործ հարուցելու օրվանից ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի իշխանություններին, կառավարությանը, միջին օղակներին փնովելու համար: Մի օր արտագաղթ, մի օր հոգին փչող տնտեսություն, մի օր կոռումպցիա, մի օր էլ աստված գիտի, թե ինչ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավորի վիճակն այնպիսին է, որ նա միայն կարող է բողոքական դերում գործել, փնովել, պահանջել ինչ-որ բաներ, որոնց մեջ իր մատն էլ է խառը: Իսկ հետաքրքիր է Օսկանյանը մի օր նստել ու ձեռքը խղճին դրած մտածել է իր իսկ գործած մեղքերի, պետությանը հասցրած վնասների, արած-չարածների մասին: Կարծում եմ չի մտածել, քանի որ ժամանակ չի ունեցել վերջին 4-5 ամսվա գործունեության պատճառով: Ցավոք, նախկին արտգործնախարարն այս հաշվարկերը իր պաշտոնավարման տարիներին պետք է արած լիներ, քանզի չեմ կարծում` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների ու այսօրվա միջև շատ մեծ են տարբերությունները: Ու չնայած այսօրվա` նրա դեմ իրականացվող հետապնդումը փոքր ինչ ժամանակավրեպ է, և ավելի շատ այլ ֆոնի տակ է երևում, բայց միանշանակ Օսկանյանի մեղքերի բաժինը դրանից չի նվազում: Օսկանյանը գրում է, որ 2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: Եվ հետո բացատրում, թե ինչու: Ըստ պատգամավորի, ապագայի նկատմամբ հույսը, արտագաղթը, տնտեսությունը, դրամի անկայունությունն ու երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը իսպառ բացակայություն են պատճառը, օրենսդրական դաշտի մշուշոտ լինելը, ներդրողները մտահոգ են իրենց իրավունքների համար, Ղարբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի խիստ փակուղի մտնելն է ներդրողներին հետ պահում: Պրն Օսկանյան, իսկ միթե ձեր կառավարման ժամանակ չկար տնտեսական խնդիր, չկար արտագաղթ: Մի՞թե մոռացել եք, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները այն ժամանակ էլ ոչ մի օգուտ չտվեցին, ոչ մի փոփոխություն չեղավ: Ու այս փակուղին արդեն 20 տարի շարունակվում է: Իսկ մի՞թե մեր օրենսդրական դաշտում որևէ կետ հիմնավորապես փոխվել է ձեր կառավարման տարիների հետ համեմատած, պարզապես գործող դեմքերն են փոխվել, գաղափարները ամբողջովին նույնն են: Ինչ վերաբերվում է վիճակագրական տվյալներին, ապա բոլորս էլ գիտենք, որ այս տվյալները օգտագործում են միայն «նախկինները», «ներկաների» դեմ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է ամբիոնից խոսում, նա նույնպես վիճակագրություն է օգտագործում, կրկին խոսում աղքատությունից, արտագաղթից, անկում ապրող տնտեսությունից, մի՞թե Տեր-Պետրոսյանն էլ է մոռացել իր իսկ կառավարման շրջանը: Այնպես որ փուչ խոսելու կարիք չկա, մեր երկրում ոչ մի անբասիր գործիչ էլ չկա վերջին հաշվով, ամեն մեկը գոնե մի ծառ կտրած կամ մի գրասենյակ քանդած կլինի:

Իսկ եթե չոր հաշվարկ անենք, ապա եթե ձեր նշած օտարերկրյա ներդրողները Սիվիլիթասի նման հիմնադրամներում ներդրում անեն, ապա որն է այստեղ Հայաստանի Հանրապետության շահը: Ով է տեսել Սիվիլիթասից եկած օգուտները, և հարց է ծագում, իսկ մի՞թե որևէ օգուտ կարող են բերել այդ և նմանատիպ հիմնադրամները մեր երկրին: Ձեր հիմնադրամը, այսօր ծառայում է ձեր իսկ շահերի համար, այստեղից ժողովուրդը ոչինչ չի ստանում: Եվ խոսքը միայն դրամական տեսանկյունից չէ, այլ գիտական, կրթական, սոցիալական և այլն: Նույնիսկ իրականում հայտնի էլ չէ, թե պրն Հանթսմանն ինչո՞ւ է որոշել այդ գումարները նվիրաբերել ձեզ, ո՞րն է եղել նպատակը:
Բավ է մարդկանց աչքին թոզ փչել, բավ է զոհի ախտանիշով տառապել: