Օսկանյանը կարծում է` Ծառուկյանի մոտ զենք էր

5

Վարդան Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման էր գնացել ոչ թե հեռախոսով, այլ զենքով: «Նկարներից դատելով, ինչ-որ ես տեսա, կարծում եմ՝ զենք էր»,-ասաց նախկին ԱԳ նախարարը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածուն:

Չնայած Օսկանյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը ընտրողների հետ հանդիպման գնում զինված: Փոխարենը, չհերքեց, որ «այդ կադրերն» ինքն անձամբ տեսել է. «Չեմ ուզում դա մեկնաբանեմ….Այո, տեսել եմ, բայց չեմ կարծում, թե դրանից պետք է մեծ բան սարքել: Հայաստանում եթե զենք կրելու իրավունք ունես, ապա դա քո իրավունքն է կրելու…. դա պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդպես գնալ քարոզարշավին»:

«Հայաստանում, եթե կա օրինական զենք կրելու իրավունք, ուրեմն, կրելն էլ քո իրավունքն է, այնպես որ, պարոն Ծառուկյանի որոշումն է՝ այդ օրը այդպես գնալ ընտրարշավի: Եթե օրինական է, պետք չէ դրան ուշադրություն դարձնել»,-ասաց Վարդան Օսկանյանը:

Իսկ թե ինչո՞ւ են ԲՀԿ ներկայացուցիչներն ասում, թե դա հեռախոս է և ոչ թե զենք՝ Վարդան Օսկանյանը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել պարոն Ծառուկյանին:

Հիշեցնենք, որ Էջմիածնում ընտրազանգվածի հետ ունեցած հանդիպումից հետո լրատվամիջոցներից մեկը տեսաձայնագրություն էր տարածել, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի` բեմահարթակից թեքվելու պահին նրա մեջքին ատրճանակի նման առարկա է երևում: Սակայն ԲՀԿ-ից հեևքում էին` նշելով, թե դա հեռախոս է: