Օհանյանը Աբիևին հիշեցրել է հրադադարի խախտման մասին

4

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանում Դաշինքի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես հակամարտությունների կարգավորման զգայուն գործընթացում:
Նույն օրը Սեյրան Օհանյանը հանդիպել է Գործողությունների դաշնակցային հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան և ԱՄՆ-Հայաստան ռազմական համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Ծովակալ Ստավրիդիսը ողջունել է Հայաստանի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին Կոսովոյում և Աֆղանստանում և բարձր գնահատել նրանց մարտական պատրաստությունն ու մասնագիտական հմտությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխգործունակ կարողությունների հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների և Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձևաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Աֆղանստանում և 2014թվականից անդին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ոչ-մարտական բնույթի ներկայության պահպանման ռազմավարական պլանի նախագիծը: Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող 17 երկրների պաշտպանության նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն:
Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ և վերջինիս ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին: