Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց

25

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են >:

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար /մեծ, գլխավոր/ տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: