Քոչարյանի ինքնախոստովանությունն ու հակաֆեոդալական գաղափարները

7

Ռոբերտ Քոչարյանի արձագանքին բոլորն էլ սրտի խորքում անհամբեր սպասում էին: Շատերը նույնիսկ նրա խոսքերի բովանդակությունն էին պատկերացնում, սակայն Քոչարյանի ինքնախոստովանությունը անակնկալ էր: Իսկ ֆեոդալիզմի մոդելի բացահայտումը ցնցեց ողջ հանրությանը:

Հայաստանի երկրորդ նախագահն այսօր, իրոք, անկեղծացավ, սակայն այնքան սուտ ու կեղծավորություն կար նրա խոստովանության քողի տակ, որ շատերն անգամ տհաճություն ապրեցին՝ լսելով նրա հռետորական խոսքերը, ափսոսանքն ու չակերտավոր անկարողությունը, որ իբր ժամանակին իրեն ուղեկցել է: Քոչարյանը մի քանի առումներով հասարակության բերանը փակեց, որ իր մասին ավելի ուշ-ուշ հիշեն: Նախ առաջինը, որ Քոչարյանը իր հարցազրույցում նշում է, որ եթե կողմնակից լիներ խորհրդարանական կառավարման ձևի, ապա 2005-ի հանրաքվեով այս հարցը կլուծեր, սակայն իբր թե իր իսկ կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունները այդքան էլ լավ չեն աշխատել: Հետաքրքիր է Քոչարյանը մոռանո՞ւմ է, որ ինքն այդքան էլ վաղուց չի հեռացել նախագահի պաշտոնից ու ներկա իշխանությունից շատերը հենց իր հետնորդներն են ու իր իսկ մշակած տարբերակով են մինչ օրս էլ աշխատում, ինչը շարունակում է արատավորել ոչ միայն քաղաքական դաշտը, այլ ողջ հանրապետությունը: Այս հայտարարությամբ ասես վերջինս խոստովանում է, որ հենց ինքն է թերացել շատ հարցերում:

Երկրորդ կարևոր հայտարարությունը ԲՀԿ-ի հանդեպ տածած Քոչարյանի համակրանքն է, որով վերջինս այլևս չի հերքում իր կապը այս ուժի հետ: Եվ ծիծաղելի է, որ հենց այսօր են բարգավաճցիներն ու Քոչարյանը զգացել այդ արատավոր համակարգի խորացումը: Ամենազավեշտալին սակայն մեծամասնական ընտրակարգի ֆեոդալականացման գաղափարն էր: Եվ որ ինքը չի կարողացել այդ համակարգից ազատվել, քանի որ իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով: Բայց ո՞ր իշխանությունը, մի՞գուցե հենց իր: Իսկ մի՞թե այդ ֆեոդալները Քոչարյանի կառավարման ընթացքում չկային, մի՞թե իր կառավարումից առաջ չկային: Միգուցե այն հին ֆեոդալներն էին, ուղղակի հիմա ավելի են զարգացել ու հարստացել:

Այսինքն՝ Քոչարյանի հարցազրույցը ոչ թե արձագանք էր կամ պատասխան, այլ պարզապես ինքնախոստովանություն, որ ամեն ինչում իր մատն էլ է խառը, որ համակարգի արատավոր գործընթացները իր ժամանակ էլ են եղել, որ ԲՀԿ-ն իր համար է ծառայում, որ այսօրվա հայտարարությունները, կոնսուլտացիաները խորհրդարանական համակարգի, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցման վերաբերյալ զութ խոսակցություններ են: Քոչարյանն այսօր ապացուցեց, որ ԲՀԿ-ն պարզապես փորձում է դաշտը կենտրոնացնել իր շուրջ՝ ավելի ծանրակշիռ տպավորություն թողնելու համար՝ դրանով իսկ ծառայելով հենց Քոչարյանի «հակաֆեոդալական» գաղափարներին: