Քոչարյանը սպասում է իր ժամանակին

11

Wikileaks-ի հերթական հեռագրը նվիրված է 2009 թվականի փետրվարին, Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի խոսակցությունը Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան հակասության մասին ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների հետ :

Նիկոյանի խոսքով, նախագահ Սարգսյանը անձամբ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ Ազգային ժողովում կոալիցիոն դաշնակիցներ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ նաուք կարող է վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաեւ իր հետ նախագահ բերի:

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը գրում է, որ Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու Քոչարյանի շարունակական քաղաքական մանեւրները՝ Սարգսյանի կառավարության դեմ, եւ եթե այս հեռակա քաղաքական պատերազմները շարունակվեն, դա կարող է վերածվել լայնածավալ առճակատման:

Հետաքրքիրն այն է, որ Նիկոյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, եթե իրապես նման մտադրություն ունենա: Եվ հավելել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընկալվում է որպես Քոչարյանական գործիք:

Նիկոյանը վստահեցրել է նաև, որ կառավարությունը մաքսային եւ հարկային դաշտում վերահսկում է օլիգարխներին, որոնց պատկանում են ամենաշահութաբեր բիզնեսները ներմուծման ոլորտում: Պատգամավորի խոսքով, իշխանությունները չեն կարող ուղիղ պայքար մղել նրանց դեմ, այդ իսկ պատճառով օգտագործում են հսկիչ դրամարկղային մեքենաների խաղարկության կտրոնները՝ որպես նրանց ստվերային բիզնեսը բացահայտելու գործիք:

Փենինգթոնը նշում է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ շարունակվող պայքարը հայտնի բոլորին և, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հակադրության մեջ է մտել Քոչարյան հետ, եւ վերջինս նահանջել է: Սա նաեւ մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, թե որքան դժվարին կարող են դառնալ այս երկուսի հարաբերությունները:

Փենինգթոնը վերջում գրել է, որ Քոչարյանը սպասում է հարմար ժամանակի և անպայման որոշակի քայլեր կձեռնարկի իշխանության գալու համար: