Քաղաքագետ. Նոր գումարման խորհրդարանը ավելի «գունեղ» կլինի

12

ՀՀԿ-ից ԲՀԿ-ին

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

–Նախընտրական պայքարն արդեն սկսվել է: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքաղաքական իրավիճակը:

Նորմալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս անգամ ՀՀ-ում նախընտրական քարոզչությունն սկսվեց անսովոր վաղ՝ դեռևս նախորդ տարի: Այս ընթացքում կուսակցությունները և քաղաքական գործիչներն արդեն հասցրել են դիրքավորվել քաղաքական դաշտում, մենք ականատես ենք եղել նաև նրանց, այդ թվում՝ կոալիցիոն կուսակցությունների միջև /հատկապես խորհրդարանում/ հակադրությունների, փոխադարձ մեղադրանքների … Գործընթացն, ընդհանուր առմամբ, կայուն զարգանում է:

–Իսկ քաղաքական մթնոլորտն ինչպե՞ս կգնահատեք:

-Այս ընթացքում արձանագրվել են որոշ կուսակցությունների ու քաղաքական գործիչների մակարդակով սուր հակադրություններ: Սակայն, բարեբախտաբար, դա լուրջ բախումների ու թշնամանքի չի հանգեցրել, ինչը շատ կարևոր հանգամանք է ընտրապայքարը վտանգավոր իրադարձություններից ու զարգացումներից զերծ պահելու, երկրի ներքին կայունությունն ապահովելու տեսանկյուններից: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ երբեմն թե՛ արմատական ընդդիմության ու իշխանությունների միջև, թե՛ հենց իշխանական դաշտի ներսում /հատկապես ՀՀԿ-ԲՀԿ մրցապայքարում/ նկատվում են սրացումներ, անգամ անձնավորված հայտարարություն-մեղադրանքներ: Թեև հիմքեր չկան, սակայն պետք է հուսալ, որ ընտրապայքարում այսպիսի դրսևորումները քիչ կլինեն ու չեն թունավորի մթնոլորտը:

-Իսկ, «ականներ» կպայթե՞ն: Նկատի ունեմ` քարոզարշավն ու ընտրությունները կանցնեն խաղաղ, թե՞ ավելի լարված մթնոլորտում:

-Լարվածություն, անշուշտ, կլինի, սակայն չեմ կարծում /գոնե հուսով եմ/, որ ինչ-որ հիմքեր կան ենթադրելու, որ կարող են լուրջ խնդիրներ ծագել: Ճիշտ է, հիմքեր չկան նաև հուսալու, որ կլինի գաղափարական-ծրագրային պայքար: Ընտրապայքարի այդ ոճը ցայսօր մեզանում չի արմատավորվել: Փոխարենը, կարծում եմ, համատարած կօգտագործվի մրցակցին փնովելու միջոցով միավորներ հավաքելու մեթոդը: Իսկ թե մինչև ուր կհասնի այդ փնովելը, որքանով այն կլինի անձնավորված-վիրավորական, դժվար է ասել, սակայն այդպիսի խոսքեր արդեն իսկ հնչում են:

-Ովքե՞ր ունեն խորհրդարան անցնելու հնարավորություն:

-Առաջադրված 8 քաղաքական ուժերից և 1 դաշինքից, կարծում եմ, խորհրդարանում կհայտնվեն ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն» /«Ազատ ժողովրդավարներ» դաշինքը և «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ինչպես տեսնում եք, նոր գումարման խորհրդարանը նախորդի հետ համեմատ կլինի ավելի «գունեղ» :

-Եթե հորիզոնականներով դասակարգելու լինեք, ի՞նչ եք կարծում, ո՞ր կուսակցությունները, որ տեղում կլինեն, ովքե՞ր են ըստ Ձեզ լինելու ֆավորիտ:

-Առաջին տեղի համար պայքար, ըստ իս, կգնա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, սակայն կարծում եմ, վերջնական հաղթանակը կամրագրվի ՀՀԿ-ին: 2-րդ տեղում կլինի ԲՀԿ-ն, 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Հետաքրքիր կլինի նորաստեղծ «Ժառանգություն» /«Ազատ ժողովրդավարներե դաշինքի դիրքավորումը: Նրանց համար շատ կարևոր կլինեն «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանի անձնական հեղինակությունը, իսկ «Ազատ ժողովրդավարները» կարող են որոշ չափով հավակնել ՀԱԿ-ից ու ՕԵԿ-ից հիասթափվածների ձայների վրա: ՕԵԿ-ը, իր հերթին, մրցապայքարում լուրջ աշխատանք պետք է տանի:

-Առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում:

-Եթե նկատի ունեք առաջիկայում, ապա լուրջ տեղաշարժեր չեմ ակնկալվում: Շուտով քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած կլինի դրա արդյունավետ կազմակերպման, նաև այդ ընթացքում մեկը մյուսի թերացումները, խախտումները վերահսկելու վրա:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նախկինում մեծ ձայներ հավաքած ՀՀԿ-ն քիչ ձայներ հավաքի, իսկ ՀԱԿ-ը` շատ: Այլ կերպ ասած` լուրջ փոփոխություններ կլինե՞ն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-ՀՀԿ-ն, կարծում եմ, այս ընտրություններում կկորցնի որոշ ձայներ, որոնք կգնան ԲՀԿ-ին: Հիմնական պայքարը հենց այդ ուժերի միջև կլինի: ՀԱԿ-ի կողնակիցների ձայներն էլ մասամբ «կխլի» «Ժառանգություն» /«Ազատ ժողովրդավարներ» դաշինքը: Այսինքն, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը որոշ չափով կզրկվեն հետևորդներից, սակայն չեմ կարծում, որ դա էական տեղաշարժ կառաջացնի քաղաքական դաշտում: Պարզապես այս անգամ քաղաքական դաշտում խաղացողների թիվը կավելանա՝ հիմնականում պահպանելով ուժերի հարաբերակցությունը: