«Փոխզիջում» բառը գոյություն չունի այս տարածաշրջանում

15

Բեռնար Ֆասիեն Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող լսումների ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական արդյունքներ են ակնկալում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Ռուսաստանի մասնակցությանը, ապա, բնականաբար, նա խաղում է վճռորոշ դեր։ Մոսկվան ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտող կողմերն ընդունեն հիմնարար (մադրիդյան) սկզբունքների վերջնական տարբերակը, որոնք մշակվել են բոլոր երեք համանախագահների կողմից»։

Ֆասիեն վտանգավոր է համարել սպառազինությունների մրցավազքը և հիշեցրել է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն։

Նա նաև ընդգծել է, որ միջնորդները չեն կարող հակամարտության կարգավորումը փաթաթել հակամարտող կողմերի վզին, քանի որ նրանք իրենք պետք է համաձայնության գան փոխզիջումների հարցում. «Ժամանակին ես դեսպան եմ եղել Վրաստանում և կարող եմ ասել, որ «փոխզիջում» բառը գոյություն չունի այս տարածաշրջանի և ոչ մի երկրում: Այդ պատճառով շատ կարևոր է, որ ԵՄ-ն օգնի քաղաքացիական հասարակության էվալյուցիային, առաջ քաշի ժողովրդավարությունը»: