Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը կալանավորվել է

24

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել է նաև, որ նույն օրը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը` Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք , ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: