Ցամաքող Ուրմիա լճի համար ՄԱԿ-ը Իրանին 135 մլն դոլար հատկացրեց

4

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 135 մլն դոլար է հատկացրել Իրանին՝ ցամաքող Ուրմիա լճի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության ղեկավար Մուհամեդջավադ Մուհամեդիզադեն: Գրում են իրանական լրատվամիջոցները:

Մուհամեդիզադեի խոսքով՝ Իրանի լճերի (Ուրմիա, Փարիշան, Խամուն և այլն) հիմնական խնդիրն այն է, որ այդ լճեր թափվող գետերի զգալի մասն օգտագործվում է ոչ ռացիոնալ ձևով, ինչն էլ հանգեցնում է դրանց ցամաքելուն:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Իրանին հատկացվել է 235 մլն դոլար` նախատեսված 2012-2016 թվականների համար: Այդ գումարից 135 մլն դոլարը հատկացվել է Ուրմիա լճի խնդրի լուծմանը: Լիճն արդեն իսկ ցամաքել է 70 տոկոսով: Ներկայումս լճի մեկ լիտր ջրում առկա է 400 գրամ աղ: Ավելի վաղ այդ ցուցանիշը եղել է 160-170 գրամ:

Ուրմիա լճի տարածքը մոտ 6000 քառակուսի կմ է: