«Տո լացելու բան, է, ինչո՞ւ կխնդաս»

16

Գործից զրկելով կստեղծվի նոր աշխատատեղ

Նախընտրական քարոզարշավի ահերն ու վախերը զավեշտալի պատմություններ ու իրավիճակներ են ստեղծել բնակչության շրջանում: Միամիտ քաղաքացին ամեն «կուտ» ուտում է` միայն թե աշխատանքը չկորցնի: Ինչպիսի մտքի ինչպիսի փայլատակումներ ասես, որ մարդիկ չեն մտածի: Օրինակ ՀՀԿ-ն որդեգրել է այդ քաղաքականությունը: Այսպես` «Ազատ Ձայն» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, ՀՀ ԿԱ ՊԵԿ ծառայության «պետերը» իրենց աշխատակիցներից ոմանց գործուղել է մարզեր` հիմանականում ծննդավայրեր, ու պահանջ է ներկայացրել, 20 հոգու տանել ՀՀԿ մոտակա շտաբ ու գրանցել ՀՀԿ-ի օգտին, հակառակ դեպքում աշխատավարձի իջեցում կարձանագրվի` վատ աշխատանքի համար: Բայց հաջորդ պատմություններից ելնելով, կարելի է ասել, որ հարկայինի աշխատակիցները «լավ են պրծել»: Օրինակ Հայռուսգազարդի աշխատակիցներին` բոլորին անխտիր, ասել են, որ եթե իրենք ու ևս 3 հոգի չընտրեն ՀՀԿ-ին, ապա կարող են հավաքել իրերն ու հեռանալ աշխատանքից: Նույն կերպ վարվել են նաև բուժաշխատողների հետ և ոչ միայն. «Հարսս հղի ա, գնացինք պոլիկլինիկա, պասպորտն էլ վերցրին, կոդը գրեցին ու ասեցին, մենք իմանալու ենք, կընտրեք թե չէ: Դե արի ու մի ասա, իրանք իրանց հիմար հալով, մեզ են հարիֆացնո՞ւմ»,-ասաց մայրաքաղաքի մի բնակչուհի:

Նշենք, որ մարզերում բոլորը ահ ու սարսափի մեջ են, նույնիսկ հարևանը հարևանին վախենում է ասել, թե ում է ընտրելու, թե չէ վերջը վատ կլինի: Գյուղացիներն էլ հանգիստ չունեն, մեր տեղեկություններով գյուղացիների արտերն ու ծառերն են վնասում, եթե հանկարծ պարզում են, որ իշխող կուսակցությանը չեն ընտրելու:

Օրենքի երկրի ջատագովներն էլ` «Օրինաց Երկիր» կուսակցության «գլխավորները» կամ չունեն (թող ինձ ների Նաիրա Զոհրաբյանը` իր ֆիրմային բառն օգտագործելու համար) «ուլտիմատում»-ի հնարավորություն, կամ էլ չունեն լայն մտահորիզոն: Նրանց պատեկրացումները սահմանափակվում են միայն կաշառքով, այստեղ էլ տեղին է հիշել, Բիշարյան Հեղինեին, որի պատկերացմամբ կաշառքը ՕԵԿ-ում չի լինում, այստեղ լավություն է կոչվում դա: «2 օր առաջ, 2 կին թակեցին մեր դուռը և ասացին, որ ներկայացնում են ՕԵԿ-ը: Նաև հանձնեցին մի պայուսակ` ասելով, որ ընտրենք Օրինաց երկրին: Ես իհարկե, մերժեցի, իսկ փաթեթը չվերցրի»,-ասում է մայրաքաղաքի մեկ այլ բնակչուհի:

Դե ԲՀԿ-ի հնարավորություններն ո՞վ ունի: Ինչքա~ն ուզես գործարաններ, ինչքա~ն ուզես բերքի մթերման պայամանգրեր, աշխատատեղեր: Ծիծաղելի է, որ եթե նախկինում, աշխատանքի էին վերցնում, մինչև 30 տարեկան, բարետես, օտար լեզուների իմացությամբ և այլ չափանիշների վրա հիմնվելով, ապա այսօր աշխատանքի են ընդունում` ըստ կուսսակցական տոմսերի: Օրինակ` Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, պետք է բոլորն ունենան ԲՀԿ-ի տոմսեր և ընտրեն ԲՀԿ-ին: Թե չէ՞… Թե չէ կրկին գործազրկություն: Հետաքրքրական է, որ այդ կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրում անդրադառնում են աշխատատեղերի լուծման խնդրին, հավանաբար մտածում են. «նա, ով մեզ չընտրի, կհանենք գործից ու կստեղծվի նոր աշխատատեղ, ինչի մասին խոսում էինք»: Ծիծաղելի աստիճանի է հասնում, մեր երկրի օրենքը ընդունողների կարգավիճակը, երբ հասկանում ես, որ նրանք ամբողջ օրը զբաղված են երևակայության հերթական աննորմալ երևույթն իրականություն դարձնելով: Չենք վախենում ասել աննորմալ քանի որ երևույթն այլ անվանում չունի` երբ մարդ ավարտել է 2 համալասրան, իր մասնագիտությամբ պաշտպանել թեզ, ու հնարավոր է զրկվի իր աշխատանքից միայն նրա համար, որ չի ընտրել ՀՀԿ-ին: Հենց դրանով է նաև բացատրվում ուղեղների արտահոսքը: Մյուս կողմից էլ մարդկանց թերագնահատելու իմաստ չկա, քանի որ օրվա հացի գումար աշխատողին վախեցնում են աշխատանքով. «Իմ համար մեկ ա` ով կանցնի, մեկ ա ես էլ նույն ծայրաստիճան ապրելակերպն եմ ունենալու` համալսարան ավարտած բանվոր: Հիմա էլ իրանց չընտրեմ, դրանից էլ զրկվեմ»,-ասում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտած, այժմ Հայռուսգազարդ-ում բանվոր աշխատող մի մարդ: Այստեղ տեղին է հիշել, ոչ Զոհրաբյանին, ու առավել ևս` ոչ էլ Բիշարյանին, այլ` Ֆրունզիկին. «Տո լացելու բան, է, ինչո՞ւ կխնդաս»: