Տեր-Պետրոսյանն ու Բուզեկը խոսել են

3

Երեկ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը և դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ շուկայական տնտեսություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության և իշխանության միջև երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ Ազգային Կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետևանքով:

Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է «երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը և ընդգծել, որ երկիրը քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումն է»:

Մանրամասնորեն քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: