Տեր-Պետրոսյան ֆիգուրի ժամկետը կրկին անցել է

14

ՀԱԿ-ը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին ավանդույթ դարձած երթ-հանրահավաքն այս տարի էլ բացառություն չի լինելու: Սակայն բացառությունները բոլորովին այլ հարթության վրա են: Երբ 2007 թվին ՀԱԿ-ը սեպտեմբերից սկսեց իր հանրահավաքները, որոնց միակ նպատակը ներկա իշխանություններին դատափետելն էր, ՀԱԿ-ը ասես գոնե խոսելու թեմա ուներ, ժողովրդի հետ կիսվելու բան ուներ, միգուցե նաև որոշ գաղափարներ ժողովրդի սրտով էին, թեկնածու ուներ, ով «պատրաստ էր» մինչև վերջ գնալ: Սակայն այսօր, երբ կրկին հայտարարում են հանրահավաքի մասին ու նույնիսկ իշխանություններից բողոքելու բան չունեն, մի տեսակ կապը ժողովրդի հետ կորչում է: Այսինքն հանրահավաք է անում ոչ թե ընդդիմությունը, այլ ինչ-որ ամորֆ կառույց, որը շարժվում է քամու նախընտրած ուղղությամբ: Իսկ ի՞նչ է ասելու ՀԱԿ-ը: Վստահաբար մեկ անգամ էլ գլուխ կգովան, որ 27-ի փոխարեն հավաքել են 34 ստորագրություն և դիմելու են Սահմանադրական դատարան, ինչը ՀԱԿ-ի համար սրճարան նստելու նման մի բան է դարձել, հետո կասեն, որ հաջողության են հասել և Մարտի մեկի հարցով հանձնաժողովը մեկ տարի հետո կձևավորվի, ինչն ըստ իրենց հաղթանակ է, քանի որ ՀՀԿ-ն խոստացել է: Հետո կասեն, որ ԲՀԿ-ի հետ հաջող կոնսուլտացիաներ անցկացրին, ընդհանուր եզրեր կային, բայց որոշ մտքեր տարբեր էին, ինչը կնշանակի ոչ թե որոշ մտքեր, այլ իրենց ներսում որոշ մարդկանց մտքեր տարբեր էին: Հավանաբար Բագրատյանը կխոսի 2013 թ-ի բյուջեից ու էլի կբողոքի, կասի, որ ինքն ավելի լավ վարչապետ էր, որ այն ժամանակ դեմ չէր, որ արտագաղթում էին մարդիկ, քանի որ «այդքանին պահելու հնարավորություն չունեին»: Հետո, իհարկե, ՀԱԿ-ը «խորտակող» Լևոն Զուրաբյանն իր գաղափարները կհրամցնի ժողովրդին: Հնարավոր է նույնիսկ խոսեն, որ ՀՀԿ-ի հետ աստիճանաբար լեզու են գտնում: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը միգուցե նաև չժամանի, երևի ինքն էլ է հոգնել իրենցից: Իսկ ինչո՞ւ գա և ի՞նչ ասի: ՀԱԿ առաջնորդի՝ հանրահավաքին չգալու պատճառներից մեկը կլինի այն, որ ասելիք չունի: Նա գոնե հասկանում է, որ ժողովուրդը իրեն սպասում է, որ այդքան մարդուն ոչ թե իրենց սին մտքերն են բերել հրապարակ, այլ հենց իր ֆիգուրը: Առաջին նախագահը գիտի, որ սպասում են իր թեկնածության առաջադրման մասին հայտարարությանը: Բայց իզուր են սպասում, ի սկզբանե ասված է, որ այդ մասին խոսք չի լինելու: Եվ ի՞նչ: Պարզ է դառնում, որ ՀԱԿ հանրահավաքը զութ ավանդական բնույթ կրող երևույթ է, որը գաղափարական որևէ հիմք չունի և տարեցտարի մարում ու կորցնում է իր գույները: ՀԱԿ-ը սպառվել է և արդեն 4 տարի է, ինչ այս գործընթացի մեջ է: Իրողությունն այն է, որ Տեր-Պետրոսյանի կերպարը ընդամենը 4-ամյա ժամկետ ունի, ինչը մի քանի անգամ ապացուցվել է: