«ՏաԹևեր» ճոպանուղին կայծակից վնասվել է

7

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու: Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ:

«Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում ենք կայացրել վերստուգել բոլոր սարքերն ու համակարգերը` այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

Այս գարնանը Սյունիքի մարզում պարբերաբար գրանցվում է կայծակ և ամպրոպ, որոնք, անշուշտ, դրական կանդրադառնան գյուղատնտեսության վրա: Սակայն դրանց արդյունքում առաջացող հոսանքի տատանումները ճոպանուղու կառավարման համակարգերի աշխատանքի ժամանակավոր դադարների պատճառ են դառնում:

Մասնագետների կարծիքով էական խնդիրներ չեն հայտնաբերվել, և առկա թերությունները կլուծվեն կարճ ժամանակահատվածում: Նշենք, որ ճոպանուղու տնօրինությունը հայտնեց, որ այն արդեն կարգին է և գործում է: