Վշտի ծիծաղ կամ ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր

10

Մեզ հայտնի չէ` նորանկախ կամ ազատ-անկախ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եվրոպաներում շրջագայելիս մտել կամ տեսե՞լ են Փարիզի Պոմպիդուի անվան արվեստի կենտրոնի շենքը, թե ոչ, բայց որ ճարտարապետական այդ նոր ոճը հարազատ է մեր արվեստասեր կառավարիչներին` անտարակուսելի է:
60-70-ականների փարիզյան այդ կառույցը միանշանակ չընդունվեց, նույն բախտին արժանացավ, ինչ իր ժամանակին Էյֆելյան աշտարակը: Տարիներ շարունակ քննադատվեց, ծաղրվեց, հետո դարձավ Փարիզի խորհրդանիշը, զբոսաշրջիկների ու արվեստասերների այցեվայրը:
Ավելին, մեր կառավարիչները այնքան առաջացան նոր ոճի մեջ, որ գազատար խողովակներով պատեցին ոչ թե մեկ-երկու շենք, մեկ-երկու փողոց կամ մեկ-երկու բնակավայր, այլ համատարած բոլոր գյուղերն ու քաղաքները: Իհարկե, ամենադիտարժանը և հմայիչը մայրաքաղաքն է: Հետագա դարերի ու այսօրվա ապրողների համար ասենք, որ այդ ոճը Հայաստան ներխուժեց անցյալ դարի 90-ականներին, Մութ ու Ցուրտ տարիներին, երբ երկրորդ հանրապետությունը դեռ չէր սթափվել երեք (երկրաշարժ, արցախյան հակամարտություն, երկրի հարստահարության կողոպուտ), իսկ երրորդ հանրապետության նորաբուս ղեկավարները և նրանց սպասարկող` 2-րդ հանրապետության նվիրյալ պաշտոնյաները, ոչ մի գրոշ չէին թողել պետական գանձարանում, որ կարողանային մայրաքաղաքի արտաքին տեսքը մի կերպ պահպանել: Ուստի հորդորում էին ժողովրդին ըմբռնումով մոտենալ սպասվող իրադարձություններին, հատկապես սոցիալական վիճակին, նոր ծակեր բացել և ձգել գոտիներն ու ախորժակը: կարգախոսի ժողովրդավարական հեղինակները վթարվող էլ. մալուխները, հետագայում գազատար խողովակները գետնի տակից հանեցին ի ցույց ժողովրդի: Սրանք էլ խառնվելով շենքից շենք, բնակարանից բնակարան ձգվող էլեկտրալարերին, շենքերի տանիքներին աճած ալեհավաքների ու հաղորդիչների անտառին` մի նոր, յուրահատուկ կերպարանք տվեցին երեքհազարամյա մեր մայրաքաղաքին: Հիմա որ կողմդ` նայես սարդոստայն է: Եթե փորձես Երևանում մի կետ գտնել` անաղարտ Արարատ լեռը լուսանկարելու համար, հազիվ թե հաջողվի: Մեծ հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ այս գործում հատկապես իրենց ավանդն ունեն ՀայՌուսգազարդը , Հայէներգոցանցը և Կապի նախարարությունը: Այդ տարիներին Հայաստանն ասես որբի գլուխ լիներ, ով ինչպես ցանկանար` կարող էր խուզել ու սափրել: ՀայՌուսգազարդը, , արգելեց օգտվել շքամուտքից բնակարան տանող գազատար նախկին հատուկ ձուլվածքի մետաղյա խողովակներից և պատվիրեց դրանք փոխարինել սինթետիկ փողրաններով, որոնք շուկայում վաճառվում էին ջրատար խողովակներից 2-3 անգամ ավելի գնով` 6-700 դրամով: Բայց այդ փողրանները շուկաներից վերացան, երբ գազը նորից մտավ Հայաստան ու Երևան: Սպառողների բազմահազար հերթերը օժանդակեցին, որ այդ փողրակները վերանան շուկայում ու դառնան գազարդի մենաշնորհը: Բայց արդեն ոչ թե շուկայական գնով, այլ քառակի ավել, գումարած, իհարկե, պատերին ամրակցելու աշխատանքը: Հիշենք, որ այդ կառույցը ամբողջովին մասնավորեցված չէր, պետությունը ևս ուներ իր մասնաբաժինը, այսինքն կառավարությունում տեղյակ են եղել գործընթացի աճպարարությանը ու չեն կանխել: Գազարդը հպարտությամբ է նշում, որ սպասարկում է ավելի քան 700 հազար բաժանորդների: Իսկ թե քանի միլիոն գծամետր փողրակ է օգտագործվել, անհայտ է: Բայց սա այդպես էլ կմատնվեր մոռացության, եթե վերջերս ՀայՌուսգազարդը, նորից անվտանգության շահերից ելնելով, օրենքից դուրս չհամարեր իր երաշխավորած փողրակները: Պիլոտային փորձարկումը սկսվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
Տեսնես հիմա ո՞վ է մետաղյա խողովակներ ներկրել: Գոնե նոր միլիոնատերը գերշահույթի մի մասը տրամադրի մայրաքաղաքի դուրս թափված փորոտիքը պարտակելու համար:

Համլետ Մանուկյան