Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել

9

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու գործում, ցուցմունք է տվել՝ կրկին պնդելով, որ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ ու ակնկալում է, որ գործի քննության արդյունքում կպարզաբանվեն բոլոր հարցերը:

Սեդրակյանը մարտի 5-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ և պահվում է Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան:

Նախագահի նախկին թեկնածուի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չկա որևէ վկայի ցուցմունք և նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ներառել է բազմաթիվ փաստարկներ, որոնք անուղղակիորեն Սեդրակյանին կապում են այս գործի հետ:

Նախագահի նախկին թեկնածուն ու նրա պաշտպանը հույս ունեն, որ գործի օբյեկտիվ քննության արդյունքում Սեդրակայնը ազատության մեջ կհայտնվի: Փաստաբանն առայժմ գոհ է գործի քննությունից:

Հիշեցնենք, որ Սեդրակյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ 34-305-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե ապացուցվի նրա մեղքը, ապա նախագահի նախկին թեկնածուին կսպառնա 10-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ պատիժ: