Սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատել սիրիահայերի հետ

9

Սփյուռքի նախարարությունը ի պատասխան մամուլում հրապարակված նյութերի, թե ինչ է անում Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի համար, մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ շարունակում է աշխատանքներ տանել Սիրիայի հայ համայնքի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են աշխատանքները Սիրիայի հայ համայնքի, այնտեղ գործող կառույցների հետ:

Սիրիահայերը մասնակցում են նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Անդրանիկ» պարային համույթը եղել է Աշնակում, Ղարաբաղում, հանդես է գալու փակման արարողության ժամանակ: «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» Հայաստան ճանաչողական այցելությունների» ծրագրի մասնակից սիրիահայերը ապրում են հայաստանցիների ընտանիքներում և մասնակցում բոլոր միջոցառումներին:

Նախարարություն են այցելում նաև սիրիահայեր տարբեր հարցերով, առաջարկություններով: Նախարարությունը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ, որոնք օրենքով սահմանված կարգով մատուցում են ծառայություններ: Նախարարությունը զբաղվում է սիրիահայերի լեզվի ուսուցման հիմնահարցերով»:

Հարց է առաջանում, եթե նախարար Հրանուշ Հակոբյանն ու Սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում են համայնքի համար, ապա ինչու են բողոքում սիրիահայերը: Հենց այստեղ էլ ծնվում է 2 իքսով հավասարում: