«Սպիտակ, մաքրամաքուր Հայաստան էի երազում, մի քիչ մուգ մոխրագույն ստացվեց»

15

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրը ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հետ: Մարդ, ում համար հայրենիքը բոլոր արժեքներից սրբազնագույնն է: Եվ չնայած բազմաթիվ մեղմ ասած` անօրինականություններ զգացել է սեփական մաշկի վրա, բայց չի պատրաստվում լքել հայրենիքը, չնայած, որ Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկը չէր էլ պատկերացնում այսպիսի Հայաստան:

-Ի՞նչ էր այն ժամանակ պայքարը Ձեզ համար նշանակում և ի՞նչ է այն այսօր:

-Իմ համար ոչ միայն այն ժամանակ, այլև միշտ եղել ու մնում է մեկ սկզբունք՝ լինել ժողովրդի հետ, իր կողքին: Ուստի պայքարն իմ համար մեր ժողովրդի մի ժամանակ պաշտպանվելու և գոյատևման, մի այլ ժամանակ մարդավայել ապրելու և բնականոն զարգացման, իսկ մի ուրիշ անգամ էլ երկրի բարձրագույն օրենք համարվող սահմանադրությամբ իրեն վստահված և վերապահված իրավունքից լիուլի օգտվելու ընթացքում իր հետ լինել է նշանակում:

-Արդյո՞ք այդ պայքարը տվեց այն, ինչ ակնկալում էիք:

-Ոչ, ինչ անձամբ ես էի ակնկալում չտվեց, քանի որ մեր ժողովրդի վստահությունը չվայելող նույն իշխանությունները այժմ ևս գործող իշխանություն են և անում են ահավոր վատ բաներ, սակայն ոչ ոք իրենց չի կանգնեցնում:

-Արդյո՞ք 2008-ը, մարտի 1-ն ու դրան հաջորդած իրադարձությունները Ձեզ չփոխեցին որպես հայ մարդ և մարդ ով միգուցե այլ կերպ էր նայում հայրենիքին, իշխանություններին, ինչու չէ` մարդկանց:

-Բնականաբար փոխեցին, եւ ես սա թե դրական և թե բացասական առումով եմ ասում: Ես միշտ էլ դյուրահավատ եմ եղել ու դիմացինիս իմ տեղը դնելով եմ իր հետ շփվել` մտածելով, որ ՄԱՐԴՈՒ հետ գործ ունեմ, սակայն 2008թ. մարտի 1-ը ինձ զգաստացրեց: Այդ օրը տեղի ունեցավ մի բան, որ ես երբեք չէի կարող հավատալ: Տասը հայ մարդուն հայ մարդիկ սպանեցին և այդ էլ միմիայն աթոռը պահպանելու քաղաքական ճղճիմ նպատակ ունենալու պատճառով: Եթե չլիներ այդ սպանությունները, երևի երբեք չէի կարող հասկանալ, որ դիմացինս ՄԱՐԴ չէ, այլ ընդամենը գազանաբարո ինչ-որ խղճուկ արարած, որոնց տեսակին իմ Արցախ գտնված տարիներին տեսնելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, բայց նրանք ոչ յուրային, այլ մեր խրամատներից այդ կողմ գտնվողների մեջ են եղել: Սա սարսափելի է… եղբայրասպանությունը, այդ էլ միայն հոգեկան հիվանդներին ներհատուկ պատճառաբանություններով քողարկված աղետալի հետեւանքների՝ սպանությունների գնով աթոռ պահելու այս մարմաջը ոչ մի կերպ չեմ կարող ընկալել: Սա է այժմ իրեն իշխանության տեղ դրածների հանդեպ իմ վերաբերմունքն ու գնահատականը:

-Իսկ հայրենիքի՞ն, մարդկա՞նց:

-Հայրենիքը… դա բոլոր արժեքներից սրբազնագույնն է իմ դավանած արժեքային համակարգում և ոչ մի պատճառ չի կարող ստիպել ինձ հայրենիքի հանդեպ ունեցած պաշտամունքս վերանայման ենթարկել: Մարդ չի կարող իր մորից խռովի, ո՛չ, ամենևին, նման բան տեղի ունենալ չի կարող…: Իսկ մարդը իմ համար Հայստանի Հանրապետությունում դեռևս առկա միակ հարստությունն է, քանի որ իմ ազգակիցների մասին սեփական գնահատականս շատ բարձր է: Մենք սքանչելի որակներ ունեցող ժողովուրդ ունենք, սակայն իրադարձություններին ոչ համարժեք հարթության վրա գտնվող քաղաքական գործիչների մեղքով, այդ սքանչելին ամենամեծ զոհն է դառնում: Մարդը այս ամենի հիմքում է գտնվում և բնականաբար իր տեսածն ու ապրածը լավագույնս հասկանալ ու գնահատել գիտի, ուրեմն ես չեմ կարող նաև բանական էակ համարածս մարդուց նեղանալ, քանի որ նա իրենից պահանջվածն ավելիով հանդերձ անում է, բոլոր գործընթացներում միշտ ներկա է…և երբեք իր իսկ մեղքով չի բացակայել: Մարդ հասկացողությունից դուրս գտնվող, հոգին ու ոգին խեղվածների մասին չեմ էլ ուզում որևէ բան ասել, որովհետև ես այդ աստիճան ընկնելով իրենց գտնված հարթության վրա կանգնել չեմ կարող:

-Պարոն Հացպանյան, Դուք ընդդիմությունն եք ներկայացնում, արդյո՞ք համամիտ եք նրա բոլոր քայլերի հետ:

-Այո, ես ընդդիմություն եմ այս իշխանություններին և հպարտ եմ դրա համար, իմ դավանած արժեքային համակարգը սրանց հետ որևէ աղերս չունի: Իսկ ընդդիմադիր դաշտում գործող ուժերից, երևի թե բոլորի հետ էլ համաձայն և անհամաձայն եղած տասնյակներով առիթ կա, ու սա ևս շատ բնական է, քանի որ մենք չենք կարող բոլորով մի կտավի սանր լինել: Իսկ եթե խոսքը կոնկրետ Հայ Ազգային Կոնգրեսին է վերաբերվում, ասելիքներս մեկ հարցազրույցի ծավալից ավելին լինելով, կարճ ասեմ, որ այդ քաղաքական միավորը, որի անդամը չեմ եղել երբեք, բոլորիս ցույց տվեց, թե ինչպես կարելի է մարել ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող մի համաժողովրդական շարժում, և ես հենց դրա համար էլ նրանց մշտապես քննադատել եմ: Ավելին, գտնում եմ, որ այդ շարժման ակունքներում, ամենասկզբում եղած բոլոր այդ սքանչելի մարդկանց ունեցած մաքրությունն ու հոգին պահպանվելու լիներ, մենք այս իշխանություններից վաղուց ազատվել էինք: ՀԱԿ-ը ցավոք այսօր էլ չի պատրաստվում իր մաքուր ակունքներին վերադառնալ և իր շարքերում գտնվող պատեհապաշտ ու ոչ մաքուր անցյալ ունեցող չինովնիկական խավից ազատվել: Եվ, ըստ իս, ժողովրդի` ՀԱԿ-ից հիասթափման հիմնական պատճառն էլ հենց այդ է: Տարօրինակ է, որ բոլորի իմացած այս պատճառի վերացման համար ոչ մի քայլ չի արվում, այլ հակառակի ուղղությամբ քայլեր եմ նկատում, եղածների մեջ հասարակության կողմից մաքուր համարվող կամ ընկալվողներին մեկուսացնելով այդ կառույցից դուրս են մղում, ինչն իմ համար անհասկանալի է: Դե, քանի որ ժողովրդական խոսքն ասում է՝ ՈՎ ԻՆՉ ԿԱՆԻ, ԻՐԵՆ ԿԱՆԻ, այս ամենը կարելի է տեղավորել նաև այդ համատեքստում:

– Ճի՞շտ է այն, որ ՀԱԿ-ը պառակտվում է:

-Չգիտեմ, որ Ձեզ ասեմ` ինչ է լինում այդտեղ: Սակայն իմ համար անհասկանալի այնքան բան կա, որ ՀԱԿ-ում է կատարվում, գտնում եմ, որ խնդիրը այդտեղ գտնվող տարբեր մարդկանց միջև չէ, այլ խնդիրն իմ կարծիքով ՀԱԿ-ում այս ամենի շաղախողի դերում հայտնված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ է: Նրան լավ ճանաչելով, իր մտավոր ընդունակությունները բարձր գնահատողներից մեկը լինելով` իմ համար անհասկանալի է էֆեկտը դեֆեկտի վերածելու այս իրավիճակը: Եթե իր տեղը քաղաքական այլ գործիչ հայտնված լիներ, կհասկանայի և կասէի, թե ինչու ժողովրդի նման նվիրվածությունն այսպես մսխվում է, իր պարագայում իսկապես չեմ հասկանում: Նա իր քաղաքական կենսագրության մեջ արդեն երկրորդ անգամ է մեր ժողովրդի այսպիսի աջակցության արժանանում, և տարօրինակ է, որ ունենալով նման թիկունք` արդեն երկրորդ անգամ է, իրոք, աննախադեպ այս աջակցությունից իմ նման շատ շատերի կողմից չհասկացված իրավիճակներում հրաժարվում: Վատնվածի գինն, ըստ իս, շատ ավելի է, քան ցանկացած քաղաքական հաշիվ ու հաշվարկով նախատեսվածն ու ձեռք բերվածը, քանի որ այս ամենի արդյունքում մեր երկիրն է դատարկվում, մեր ժողովուրդն է արտագաղթում` իր հայրենի օջախն ընդմիշտ լքելով: Այս հարթությունից է, որ իրերին նայում ու իմ գնահատականն եմ տալիս… հույս ունեմ, որ ՀԱԿ-ը ինչպես հիմա է, ոչ թե մաքուր-անմաքուր նախկին չինովնիկ-բյուրոկրատների կամ հասարակության գոյությունն իսկ անհայտ այս կամ այդ կուսակցություն և կազմակերպությունների, իրենք իրենց առաջին դեմքեր համարողների հավաքված մի ինչ-որ ակումբային կառույց կհիշեցնի, այլ իրենց երկրի ապագայով մտահոգ, օրվա յուրաքանչյուր ժամ պայքարելու պատրաստ, ազնիվ ու անշահախնդիր երիտասարդների որոշումներ կայացնող և դրանք իրագործող, իսկապես քաղաքական գործունեությամբ զբաղվող միավորի կվերածվի: Իսկ այս անելու համար էլ կա միայն մեկ բան, անունը համագումար նշանակող, բայց իր ստեղծման օրից երբևէ համագումար չիրականացրած Կոնգրեսի առաջին համագումարն անել ու այդտեղ այս ամենի մասին, միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելով բացեիբաց խոսել: Ես միայն ընտրովի համակարգներն եմ ընդունում և հավատում, որովհետեև ինչ քաշում ենք ահա, այսպիսի նշանակովի համակարգերի գոյության պատճառով ենք քաշում: Առայժմ այսքանը:

– 2012-ի ընտրություններն ինչպե՞ս եք տեսնում և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Եթե ընդդիմադիր բոլոր ուժերի ընդհանուր մեկ ճակատ ստեղծելով ընտրություններին գնալ կհաջողվի, ուրեմն ժողովրդի վստահության քվեների մեծամասնության արժանանալը հարյուր տոկոսով ապահովված կլինի: Սակայն, տեսնելով ընդդիմադիր տարբեր ուժերի միջև առկա անհամաձայնությունները` այս անգամ ևս իշխանություններին կհաջողվի ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ սկզբունքով կեղտոտ գործ անելը, որի արդյունքում չեմ բացառում, որ մեր հասարակության մեջ առկա վիհը շատ ավելի լուրջ հետևանքներին բերի: Ինչ էլ լինի, արդյունքում նման քաղաքական գործընթացներից հոգնած մեր ժողովրդին է լինելու, և այդ իսկ պատճառով էլ շատ մեծ ցավով եմ ասում, ես ընտրություններից հետո արտագաղթի մի մեծ ալիք եմ կանխատեսում: Վատ, շատ վատ… «ՍՐԱՆԻՑ ԷԼ ՎԱՏ ԷԼ ԻՆՉ ԼԻՆԻ» ասվելու արժանի վատ բաներ եմ սպասում, հերթական ընտրություններից որևէ լավ ակնկալիք չունեմ դժբախտաբար:

-Պարոն Հացպանյան, բոլորն էլ գիտեն, որ քիչ են երկրները, որտեղ ժողովուրդը գոհ լինի իր ղեկավարությունից, բայց մի՞թե չկան ժողովրդավարական, քաղաքակիրթ երկիր դառնալու հույսեր:

-Կան բնականաբար, բայց այդ հույսն ունենալու համար իմ քիչ առաջ վերևում ՀԱԿ-ի առթիվ ասածներս պետք է տեղի ունենան ու հենց Ձեր տարիքի մարդիկ, երիտասարդ մարդիկ քաղաքականությամբ լրջորեն զբաղվեն: Մինչև մեզ քաջածանոթ այս լճացած ու անբարո քաղաքական դաշտում նոր մարդիկ չհայտնվեն ու իրենց խոսքը չասեն, վստահ եմ, որ մեր երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի ունենալ չի կարող… Դեղամիջոցը մեկն է՝ ԶԲԱՂՎԻ՛Ր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼԱՊԵՍ ԴԱ ՔԵԶ ՀԵՏ ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԶԲԱՂՎԻ ու քեզնից մարդուն հատուկ ամեն ինչ կտանի` ոչ մի բան չթողելով քեզ:

-Որո՞նք են այդ հույսերը:

-Հույսերը յուրաքանչյուր քաղաքական կառույցի մեջ քսանից-քսանհինգ տարեկան երիտասարդների հայտնվելն է: Միայն իրենք կարող են մեր մոտ հաստատված այս անհեթեթ իրավիճակը փոխելու ուղղությամբ ջանքեր գործադրել: Ինչպիսի աշխարհայացք ունեցող երիտասարդ էլ նրանք լինեն, հավատացեք մեր ճանաչածներից պսեվդո քաղաքական գործիչներից ավելի լավը կլինեն: Ես նման երիտասարդներից ահագին աղջիկ և տղաների հետ 2008թ. փետրվարյան այդ երանելի օրերին Ազատության հրապարակում ինն օր ու գիշեր միասին անցկացնելով շատ ավելի լավ հասկացա այդ ինչ արդեն երկար ժամանակ իմ համար համոզմունք էր: Հիմա նրանցից շատ քչերն են մեջտեղներում ու փորձում ինչ-որ բան անել, իսկ մի քանիսը պարզապես լքել գնացել են իրենց երկրից թողնելով այդ ծանր գործը այստեղ ապրողներիս: Ուստի կրկնում եմ, միայն երիտասարդ սերունդն է, որ իրենց պայքարի շնորհիվ սեփական ճակատագիրը տնօրինեն և դրա համար էլ այդ ապագային վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու հնարավորությունն ունենան: Իսկ սա քաղաքական դաշտում գործելով է լինում… ես այսպես եմ մտածում:

– Ըստ Ձեզ, կա՞ն երկրներ, որոնց ազդակները խանգարում են Հայաստանի զարգացմանը: Որո՞նք են այդ երկրները և ի՞նչ հետևանքներով ազդակներ են ուղարկում:

-Անշուշտ, այդ երկրների առաջին տեղում հենց Ռուսաստանի Դաշնությունն է, որ մեզ նման ապրելաձև ու իշխանություն է պարտադրում: Ռուսաստանը ՀՀ զարգացման առաջ կանգնած ամենալուրջ խոչընդոտն է, տնտեսություն չունեցող մեր պետությունը էլ ավելի ծնկի բերելու համար իրենից կախվածից ավելին է անում: Սակայն չկարծեք, թե ԱՄՆ կամ Եվրոպական երկրներըը նրանցից տարբեր են, ո՛չ ամենևին… մեկը գլխիդ ուժով հարվածելով է դա անում, մյուսները` երեսիդ ժպտալով: Մեր այս խեղճացած վիճակի համար բոլորն էլ իրենց դերակատարումն ու ազդեցությունն են ունեցել: Ամենավերջին նախագահական ընտրություններում, Արևմտյան երկրների՝ այդ թվում նաև իմ քաղաքացին հանդիսացած երկիր՝ Ֆրանսայի կեցվածքը Ձեզ իբրև թարմ օրինակ… իրենց պետք են ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն չունեցող, ուրիշի թելադրած խաղի կանոններով խաղացող, կախվածության մեջ գտնվող թույլ պետություններ, և այդ հարցում ոչ մեկը մյուսից չի տարբերվում: Գալով ազդակների հարցին` մեկի ազդակը ռազմական, մյուսներինը տնտեսական կամ աշխարհաքաղաքական ոլորտներում են իրենց զգացնել տալիս: Մենք դարձել ենք նրանց թելադրածի հլու սպասարկուները, և իրենք են մեզ ղեկավարում:

– Խոսենք նաև ԼՂ հակամարտությունից: Տարբեր քաղաքների անուները կրող սկզբունքները Մադրիդյան և այլն, ի՞նչ կասեք, մի՞թե այդ սկզբունքներն ավելի շատ դեմ են մեր շահերին, քան կողմ:

-Ձեր հարցն ինձ զարմացնում է: Արցախյան հիմնախնդրի առթիվ, եթե մեր պետությունն ինքը մեր շահերից բխող քաղաքականություն չի վարում, ապա ինչպես կարելի է ուրիշների նախատեսածներն ի նպաստ մեզ լինել: Հրադադարի առաջին տարիներին գոյություն ունեցող քաղաքականության շնորհիվ Արցախը շրջապատող հայկական ազատագրված տարածքներում կատարված վերաբնակեցման գործընթացները դադարեցվեցին դրսի՝ հատկապես Ռուսաստանի պարտադրությամբ, ինչը մնացածներին` նկատի ունեմ ԱՄՆ և Ֆրանսիային էլ էր գոհացնում բնականաբար: Իսկ այդ Մադրիդյան կոչվող սկզբունքները պարզապես խեղկատակություն են, և Արցախյան հիմնախնդրի լուծման ոչ մի կերպ չեն աջակցում:

– Կա՞ն հույսեր, որ այս հարցը մոտ ապագայում կլուծվի:

-Ոչ, այդ հարցում ես լավատես չեմ քանի որ ըստ «ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ» սկզբունքի, ոչ Երևանի իշխանությունների առ այսօր կատարած որևէ քայլ ինձ հույս է ներշնչում, ոչ էլ բուն Արցախում առկա քաղաքական լճացման զոհը դարձած ժամանակին իր ազատ ապրելու նպատակի համար պայքարած մեր ժողովրդի այժմ գտնված իրավիճակը, որն ըստ իս աղետալի է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է խնդրի լուծման ճիշտ և իրատեսական տարբերակը:

-Հարցի միակ լուծումը հայ ժողովրդի իր հողի վրա մարդավայել ապրելու բոլոր պայմանները ստեղծելն է: Մենք այդ մոտ հազար քառակուսի կիլոմետրանոց հատվածում պետք է մոտ կես միլիոն բնակիչներ ունենանք, ու կտեսնենք, թե հարցը ինչպես կարելի է լուծված համարել: Սա է միակ անելիքը, և ամբողջ աշխարհը այդժամ կընդունի մեր արդար իրավունքները, քանի որ դրանով մենք նախ ինքներս մեզ ցույց կտանք սեփական հողում ապրելու իրավունքը հարգելու ընդունակ ժողովուրդ լինելու փաստը: Ավելի իրատեսական քայլ, քան ասվածը ես չեմ տեսնում:

– Իսկ ԵԱՀԿ-ի գործունեության մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք այն հայանպաստ գործունեություն է իրականացնում:

-Ո՛չ, բնականաբար: ԵԱՀԿ գործունեությունը իրերի-իրադրությունների վիճակին չի համապատասխանում, և գտնում եմ, որ նրանք իբր հավասարակշռված քայլ անվանման տակ փորձում են թաքցնել իրենց ոչ հայանպաստ կեցվածքը: Մենք պիտի հասկանանաք մի բան, քաղաքականության մեջ թելադրող ուժ լինելու համար հարկավոր է սեփական ժողովրդի վստահությանն արժանանալ… եթե չկարողացանք այս անհետաձգելի և մեզ համար առավել քան կենսական հրամայականի պահանջները բավարարել, համոզված եմ, որ մեր վիճակը էլ ավելի է վատանալու, պետք է հասկանալ այս իրողությունը… այլ բան լինել չի կարող:

– Այսօրվա հայը պատրա՞ստ է պայքարի դուրս գալ:

«Այսօրվա հայ» հասկացությունը բարեբախտաբար սահմանափակ չէ և դրա մեջ ես կարող եմ շատ լայն տեսահորիզոն ունենալ: Կարևոր էլ չէ, երեկվա, այսօրվա սահմանազատող եզրերի տարբերությունները: Երեկն ուներ իր դրական և բացասական կողմերը, այսօրն՝ իր, սակայն ես, լավ ճանաչելով մեր ազգի որակները, վստահ եմ, որ ամենավատ դրության ժամանակ իսկ մենք ազգովի կլուծենք մեր առաջ գտնվող ցանկացած խնդիր, ու ես հավատում եմ իմ ասածների ճշմարտացիությանը:

– Կա՞ մի ուժ, ով կարող է ողջ ժողովրդին իր ետևից տանել, եթե ոչ, ապա հույսեր կան որ կլինի:

-Ցավոք, չկա նման ուժ: Ողջ ժողովրդին համախմբել կարողանալու համար հարկավոր է արտակարգ դրություն, ես միմիայն նման իրավիճակների պարագայում եմ պատկերացնում այդպիսի մի ուժի գոյությունը, այլապես այդպիսի բան ինքնին վտանգավոր է նաև իր էությամբ և բովանդակությամբ: Սա ասելով` ես նկատի ունեմ նաև մեր կյանքի մոդայիկ երևույթը դարձած ուռա-նժդեհականությունը, որը ցավ ի սիրտ անլիարժեքության բարդույթով տառապող կեղծ հայրենասեր՝ ՀՀԿ-ականների ապավենն է հանդիսանում մեր օրերում: Բարեբախտաբար մեր ազգը գերմանական ֆաշիզմի գաղափարախոսության հակառակորդների ճամբարում է եղել ու մնում և շատ լավ պատկերացնում է դրա կործանարար հետևանքները: Համոզված եմ, որ մենք մեր երկրում այդպիսի անմարդկային իդեոլոգիայի հետևորդներ երբեք չենք ունենա:

– Ո՞րն է ապագայի Ձեր մակետը:

-Իմ ապրած պետության քաղաքական ապագան ես տեսնում եմ միմիայն ժողովրդավարական, ազատության, հավասարության և եղբայրության մթնոլորտի արդար ապահովման պայմաններում: Այս իրագործելու համար պետք է ունենալ քաղաքացիական հասարակություն, որն իր երկրի իսկական տերն ու տիրականը կհանդիսանա: Այդ գիտակցությամբ ապրող, շնչող, մտածող հասարակություններում երբեք անհաղթահարելի թվացող խնդիրներ չի լինում, քանի որ հասարակությունը կյանքի բոլոր ոլորտներում վերահսկողի գործառույթն է իրականացնում: Ահա, սա է իմ պատկերացրած վաղվա՝ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

– Գիտենք, որ ունեք քաղաքացիության խնդիր, ինչո՞ւ չեն տալիս, մի՞թե վախի զգացում ունեն:

-Երևի թե, հակառակ դեպքում կտային: Կամ էլ թեկուզ բարոյականության պակաս ունեն, քանի որ նման վերաբերմունք դրսևորողները բարոյական արժեքներից զուրկ պետք է լինեն իմ անկեղծ գնահատմամբ: Ուղիղ չորս տարի է, եթե իշխանություն ներկայացնող ոչ մի մարդ չի կարողանում քո աչքերի մեջ ուղիղ նայելով ասել, թե քեզ ինչու քաղաքացիություն չեն տալիս, երբ Հայաստանի Հանրապետության տեղը քարտեզի վրա իսկ չիմացող հազարավոր հայ մարդիկ այդ իրավունքը որևէ դեսպանություն դիմելով ձեռք են բերում, էլ ինչ ասես, ինչպես մտածես: Բնականաբար վախենում են նաև, քանի որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իմ միակ նպատակը քաղաքականությամբ զբաղվելն է՝ ընտրել և ընտրվելու իրավունքի ձեռք բերումը: Ես, այս փտած համակարգի այլընտրանք առաջարկողների մեջ գտնվելով հանդերձ, դժբախտաբար ՀՀ քաղաքացիների հետ նույն հավասար իրավունքներից օգտվել չեմ կարողանում… և այս վիճակն էլ ինձ այժմյան գործող իշխանությունների պատանդն է դարձնում: Նրանք ինձ վերաբերում են իբրև պատանդի, իսկ ես դրա դեմ ինչպես ազատազրկված ժամանակահատվածում, այդպես էլ հիմա այս ազատության թվացյալ պայմաններում պայքարում եմ:

– Իսկ չե՞ք հիասթափվել այս երկրից:

– Մարդ իր երկրից չի կարող հիասթափվել, երկիրն ինքը այս անպիտան քաղաքական համակարգից օգտվողների պատճառով շատ ավելի է տուժում, քան իր բնակիչներից որևէ մեկը: Երկիրն իր զավակներից է զրկվում, և այդ պատճառով էլ օր ըստ օրէ արյունաքամ լինում, ես իմ երկրի զավակն եմ, դրանից անբաժանելի փոքրիկ մի մասնիկ միայն և որևէ բարոյական իրավունք չունեմ երկրից հիասթափվելու: Բայց եթե իշխանություններից ասեք՝ խնդրեմ, իրենցից շատ եմ հիասթափվել և այդ մասին մշտապես բարձրաձայնել եմ:
– Իսկ արտերկիր մեկնելու պլաններ ունե՞ք:
-Ո՛չ: Արդեն համարյա չորս տարի է, որ այս իշխանություններն ինձ առաջարկում են ընդմիշտ հեռանալ երկրից, գնալ ու հանգիստ ապրել Ֆրանսիա, որը ես, բանտում ազատազրկված վիճակում գտնվելով հանդերձ, գիտակցաբար մերժել եմ: Մտածում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է, իսկ հայրենիքը մնայուն՝ հավերժ արժեք: Մեծ, շատ մեծ ցավ եմ ապրում, որ իմ բանտում եղած ժամանակ մահացած հորս և իր գերեզմանն այցելել չեմ կարողանում: Ութանասուն տարեկան հիվանդ մորս էլ չեմ կարող տեսնել, և եթե Աստված մի արասցե նրա հետ էլ պատահի այն, ինչ իմ հոր հետ եղավ, ես էլի չեմ կարողանալու գնալ և իմ որդիական պարտքը կատարել: Սակայն ինչ անեմ, երախտամոռների իշխանության զոհն եմ… այս ամենը պատմությունը գրանցում է, և մի օր վստահ եմ այս անողների երեխաները իրենց ծնողներից ամաչելու են, իմ հետ այսպես ավազակաբարո վարվելու համար են ամաչելու: Հավատում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մարդիկ ամեն ինչ կիմանան` որոշելու համար, թե մեզնից ով-ով է և ինչպիսի արժեհամակարգի կրողն է իրականում: Հավատում եմ, որ լույսը հաղթելու է խավարին…հաստատ:

-Ինչպիսի՞ Հայաստան էիք երազում ու ի՞նչ ստացվեց:

-Սպիտակ, մաքրամաքուր Հայաստան էի երազում, մի քիչ մուք մոխրագույն ստացվեց, բայց ոչինչ… չենք թողնելու, որ այդ սև դառնա ու մեզ էլ սևերես դարձնի հանկարծ: