Սիրիահայերը կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու պետական տուրքից

8

ՀՀ կառավարությունը հավանություն տրվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Նախագծով սահմանվում է պետական տուրքի գծով արտոնություն՝ սիրիահայերին ազատելով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, և քաղաքական հետագա զարգացումները, Սիրայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու և նրանց վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար:

Միաժամանակ Հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիություն չունեցող սիրիահայերին տրվում է Հայաստանի մուտքի վիզա՝ հիմնականում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, և հաշվի առնելով, որ հայրենիք վերադարձածները շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաև կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:

«Յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է պետական տուրք վճարել 500 դրամ, իսկ կեցության կարգավիճակ ձեռք բերելու համար` 105-140 հազար դրամ: ՀՀ նախագահի հանձնարարությամբ վարչապետի մոտ խնդիրը քննարկվել է և ընդունվել է որոշում, որի համաձայն նախատեսվում է զիջել այն տուրքը, որը մեր հայրենակիցները պետք է վճարեն վիզա երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ձեռք բերելու համար»,- ասաց Հ.Հակոբյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` եթե արտակարգ իրավիճակներ են ստեղծվում, ապա մեր հայրենակիցներին ազատում են տույժերից, և ստեղծում են ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց խնդիրները լուծել: