Սարկոզին նկատեց Արարատը

5

Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկօրյա պետական այցով ժամանեց Երեւան։
«Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը դիտեց Արարատ լեռը:

Նիկոլա Սարկոզիին ուղեկցում են երեք նախարարներ` էկոնոմիկայի եւ արդյունաբերության, համագործակցության եւ տրանսպորտի, ինչպես նաեւ արտաքին առեւտրի պետքարտուղարը:

Նախատեսվում էր, որ Սարկոզիի հետ Հայաստանի պիտի ժամաներ Շառլ Ազնավուրը, սակայն, քանի որ աշխարհահռչակ երգիչը այսօր Փարիզում համերգ ունի, նա կժամանի վաղը: Վաղը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ, Երեւանում կբացվի Ազնավուրի տուն-թանգարանը:

​​«Զվարթնոց» օդանավակայանից երկու երկրների նախագահները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ավելի ուշ Նիկոլա Սարկոզին եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի իր տուրքը մատուցեց Մեծ եղեռնի զոհերին եւ եղեւնի տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում:

​​​Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Ֆրանսիայի նախագահը պատասխանել է մի շարք հարցերի, իհարկե, գլխավոր հարցը Ցեղասպանության էր վերաբերվում.«Թուրքիան, որը մեծ երկիր է, առավել մեծ հարգանքի կարժանանա, եթե վերանայի իր պատմությունը, ինչպես արել են այլ մեծ տերությունները` Գերմանիան, Ֆրանսիան», – լրագրողներին ասել է Սարկոզին` շարունակելով. – «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է` ճանաչված Ֆրանսիայի կողմից: Հավաքական մերժումը ավելի վատ է, քանի անհատական մերժումը»:

Հարցին, թե կընդունի արդյոք Ֆրանսիան այդ ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելը մերժելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, Սարկոզին պատասխանել է. – «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը` անկեղծորեն ընդունելով դրա դրական ու բացասական կողմերը, Հայոց ցեղասպանության ճանաչումը [Ֆրանսիայի կողմից] արդեն բավարար կլինի: Բայց եթե Թուրքիան դա չանի, անկասկած, հարկ կլինի առաջ գնալ»:

Երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում նախագահները ժամանեցին Բաղրամյան 26 Սարկոզիի պատվին տրվող ճաշին մասնակցելու համար: